«Ապոլլոն Լաբ» ընկերության ներկայացուցիչները՝ Վանաձորի պետական համալսարանում

Փետրվարի 11-ին բուհ-գործատու համագործակցության շրջանակներում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում կազմակերպվեց հանդիպում «Ապոլլոն Լաբ» ընկերության ներկայացուցիչների և «Կառավարում» մասնագիտության  3-րդ կուրսի ուսանողների հետ։

Համալսարանը հյուրընկալել էր «Ապոլլոն Լաբ» ընկերության հիմնադիր տնօրեն Հենրիկ Պապոյանին և կայքերի պատրաստման բաժնի ղեկավար Անահիտ Սահակյանին։ Հանդիպմանը ներկա էին ռեկտորի խորհրդական, մ․ գ․ թ․ Գարեգին Քարհանյանը և գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար, կ․ գ․ թ․, դոցենտ Արմենուհի Հարությունյանը։

Այցի նպատակն էր ուսանողներին ներկայացնել ընկերությունում առկա կրթական, աշխատանքային հնարավորությունները և մասնագիտական զարգացման ուղիները։

Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվեցին կազմակերպության կողմից իրականացվող անվճար դասընթացները, մասնակցության պայմանները, ուսումնական ծրագրերը, ինչպես նաև պրակտիկայի հնարավորությունը, որի շնորհիվ ուսանողները կարող են ձեռք բերել գործնական հմտություններ։ Նշվեց նաև, որ դասընթացների լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան համալրելու «Ապոլլոն Լաբ» ընկերության թիմը։

Հանդիպումն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում․ ուսանողները հետաքրքրվեցին դասընթացների բովանդակությամբ, տևողությամբ և աշխատանքի ընդունման գործընթացով։

Վանաձորի պետական համալսարանը շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակները առաջատար գործատուների հետ՝  ուսանողներին մասնագիտական աճի իրական հնարավորություններով ապահովելու նպատակով։






Previous Article