ԱՊՀ-ի գործունեությունը ներկայացվեց բաց դասի միջոցով
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված ԱՊՀ 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՎՊՀ-ում կազմակերպվել է միասնական բաց դաս «Դար ապրիր, դար սովորիր» («Век живи–век учись!») խորագրով: Բաց դասը վարում էր օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. դոցենտ Ժաննա Ալոյանը «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների համար: Դասի նպատակն էր ծանոթացնել ուսանողներին ԱՊՀ կազմավորման պատճառներին և աշխատանքի բնույթին, նպատակներին և խնդիրներին, ներկայացնել ԱՊՀ-ն որպես խոշարագույն ինտեգրացիոն կազմակերպություն հետխորհրդային տարածքում, ծանոթացնել ուսանողներին 21-րդ դարում ԱՊՀ-ի գործունեության հիմնական ուղղություններին:
Դասի ընթացքում Ժ. Ալոյանը ուսանողներին ներկայացրեց ԱՊՀ պետությունների՝ մասնավորապես ՀՀ-ի դերն ու նշանակությունը փոխգործակցության գործընթացում, կրթության ոլորտում ծագած խնդիրները, վերհանեց պատճառները, կարճ տեղեկատվությամբ ներկայացրեց ԱՊՀ երկրների որոշ բուհերի պատմությունը և ներկա վիճակը:
Դասի ընթացքում ուսանողները հարցուպատասխանի միջոցով կատարեցին քերականական և հաղորդակցական վարժություններ` օգտագործելով հատվածակողմի (պրիզմայի) և fishbone մեթոդները, որից հետո նրանք կարծիքներ հայտնեցին տվյալ թեմաների վերաբերյալ:
Դասի ավարտին ուսանողները եկան այն եզրահանգման, որ արդի ժամանակահատվածում անհրաժեշտ է ինքնուրույն խորացնել գիտելիքները, կարողանալ ձևակերպել և ներկայացնել սեփական տեսակետը այս կամ այն հարցի շուրջ՝ ելնելով ԱՊՀ երկրների գործակցության զարգացման հեռանկարից նախ և առաջ կրթական համակարգում:
Ուսանողները ցուցաբերեցին գործուն մասնակցություն, խիստ ոգևորված էին դասի բովանդակությունից և խնդրեցին, որ նմանատիպ դասերը հաճախակի կազմակերպվեն ՎՊՀ-ում: