Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Վանաձորի պետական համալսարան

2025 թ․ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան՝ ուսանողների հետ հանդիպելու և նրանց տոնը շնորհավորելու նպատակով։

Պաշտպանը շնորհավորել է ուսանողներին՝ ընգծելով կրթության հիմնարար նշանակությունը, երիտասարդների առանցքային դերակատարումը հասարակության կայուն զարգացման գործում, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությունը՝ արժանապատիվ, անվտանգ և ներառական կրթական միջավայրի ապահովման համատեքստում։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է ժամանակակից աշխարհի պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական մարտահրավերները՝ առանձնացնելով իրավունքի քաղաքականացումն ու հասարակական բևեռացումը որպես լուրջ սպառնալիքներ համակարգի արդյունավետ գործունեությանը և շեշտել  մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու հարցում նշված խնդիրների հաղթահարման առանցքային նշանակությունը:

Քննարկման շրջանակում Պաշտպանը պատասխանել է ուսանողների հարցերին, ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության հիմնական մեխանիզմները, նշել հանդուրժողականության, իրավահավասարության, արդարության և մարդու՝ որպես սահմանադրորեն ճանաչված բարձրագույն արժեքի երաշխավորման կարևորությունը։

Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանն ուսանողներին հորդորել է կյանքի ընթացքում հանդիպող մարտահրավերները դիտարկել որպես զարգացման հնարավորություն, կրթության գործընթացն ընկալել ոչ թե որպես առանձին մտքեր սերտելու, այլ արժեքներ իմաստավորելու և տարածելու հնարավորություն՝ հավատարիմ մնալով մասնագիտական էթիկայի և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներին։

Անահիտ Մանասյանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ծատուրյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել նաև համալսարանի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, ուսումնական գործընթացին և աշխատանքային պայմաններին:

Previous Article
Next Article