Էրազմուս + SMARTI նախագծի կառավարման խորհրդի ամենամյա հանդիպում և վերապատրաստում Գորիսի պետական համալսարանում՝ խառնուսուցման ձևաչափով
Հոկտեմբերի 6-ից 8-ը Գորիսի պետական համալսարանում կայացավ SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով») ծրագրի կառավարման խորհրդի եռօրյա հանդիպումը՝ խառնուսուցման ձևաչափով: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արտուշ Ղուկասյանը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանը և ծրագրի դրամաշնորհառու, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ, SMARTI ծրագրի ղեկավար Ջերարդ Քալենը:
Հանդիպումների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի գործընկեր բուհերը և կազմակերպությունները ներկայացրին ծրագրի շրջանակներում իրենց իրականացրած գործողությունները, մասնավորապես՝ անգլերենի ինքնուսուցման համար նախատեսված «Headway» դասագրքի ուժեղ և թույլ կողմերը,իրենց բուհերում կիրառվող առարկայական կրեդիտների բաշխման մեխանիզմներն ու ռազմավարությունը և դրանց՝ կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգի ուղեցույցի ցուցումների հետ ունեցած նմանություններն ու տարբերությունները: Վանաձորի պետական համալսարանի կողմից ելույթ ունեցավ ՎՊՀ ծրագրի համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը: ՎՊՀ-ից հանդիպումներին և վերապատրասմանը մասնակցում էր նաև ծրագրի հրապարակայնացման պատասխանատու, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Գայանե Քանարյանը, իսկ առցանց ձևաչափով միջոցառմանը մասնակցում էին օտար լեզուների և գրականության ամբիոնի ասիստենտ Արինե Դանիելյանը, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Նունե Խուբլարյանը, որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը և միջազգային համագործակցության և դրամաշնորհների խթանման մասնագետ Գոհար Դոխոլյանը:
Ծրագրի շրջանակներում բուհերում իրականացված իրազեկման գործողությունները և նախատեսվող քայլերն ու միջոցառումները հակիրճ ներկայացրին Հայաստանի բուհերի տեղական համակարգող, ՀՀ ՊԿԱ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը և Ռուսաստանի բուհերի տեղական համակարգող, Մորդովիայի Օգարյովի անվան պետական համալսարանի ներկայացուցիչ Օլգա Սաֆոնկինան: Քննարկվեցին նաև հայկական և ռուսական գործընկեր բուհերում EMI (անգլերենը որպես դասավանդման միջոց) կենտրոնների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման հետ կապված կարևոր հարցեր և խնդիրներ:
Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները ներկայացվեցին նաև առցանց ձևաչափով. Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչ, ծրագրի առաջին փաթեթի ղեկավար Էդուարդո Կարդոսոն ներկայացրեց անգլերենով դասավանդման ԵՄ լավագույն փորձը և ուսանողակենտրոն ուսուցման կարևորությունը, Ադամ Շորը՝Մեծ Բրիտանիայի «Ջոն Մուրս» համալսարանից, ներկայացրեց «Անգլերենը հատուկ նպատակների համար» խորագրով նախատեսած վերապատրաստման ծրագիրը: Նրա գործընկերները ներկայացրին «Ռոզետա Սթոուն» հավելվածը և դրա օգնությամբ անգլերենի իմացության մակարդակը բարձրացնելու հնարավորություններն ու առավելությունները: Վալերիա Ռաչեևան ներկայացրեց SMARTI ծրագրի գործող կայքէջը և դրա բովանդակային և կառուցվածքային բարելավմանը միտված մի շարք կարևոր խնդիրներ:
Ծրագրով նախատեսված վերապատրաստումներին մասնակցության իրավունք ձեռք բերելու նպատակով գործընկեր բուհերի դասախոսների շրջանում անցկացվեց անգլերենի իմացության առցանց թեստավորում։ ՎՊՀ-ից թեստավորմանը մասնակցեցին մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտներ Նունե Խուբլարյանը և Գայանե Քանարյանը, որոնք հաջողությամբ հաղթահարեցին անգլերենի իմացության B1 և B1+ մակարդակները: