ՎՊՀ-ում կրկին շնորհավորել են «Վինսիթ Վերիթաս» թիմին մրցույթում գրանցած հաղթանակի առթիվ
Վանաձորի պետական համալսարանում այսօր կրկին շնորհավորել են «Վինսիթ Վերիթաս» թիմի անդամներին՝ դատախաղի մրցույթում գրանցած հաջողության և գլխավոր մրցանակին արժանանալու կապակցությամբ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-11-ը Աղվերանում կայացած քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի մրցույթում ՎՊՀ-ն ներկայացնող թիմը ճանաչվել էր հաղթող։ Թիմի կազմում էին իրավագիտության մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Ասյա Իսրայելյանը, Նորայր Ղազարյանը, Նանե Ղոչիկյանը, Զավեն Աղամալյանը։
Թիմի մարզիչն էր Տարոն Թադևոսյանը։ Այսօր կայացած հանդիպման ընթացքում ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանը ևս մեկ անգամ շնորհավորել է ուսանողներին՝ ընդգծելով նրանց աշխատանքի, հետևողականության և մասնագիտական պատրաստվածության կարևորությունը։
Նա շնորհակալություն է հայտնել թիմին համալսարանը պատվով ներկայացնելու համար, ոգևորել ուսանողներին և մաղթել նորանոր հաջողություններ ու հաղթանակներ։ ՎՊՀ-ի համար այս հաղթանակը ոչ միայն ուսանողների ձեռքբերումն է, այլև համալսարանում մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների և իրավական մտածողության զարգացման կարևոր արդյունք։




