Վանաձորի պետական համալսարանի պատվիրակությունը մասնակցել է Բաթումիում կայացած միջազգային գիտական ամառային դպրոցին

Հունիսի 1-5-ը Բաթումի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանում անցկացվեց միջազգային գիտական ամառային դպրոց՝ «Մշակույթի և հյուրընկալության մարտահրավերները զբոսաշրջության մեջ. Բաթումի քարտեզագրումը զբոսաշրջության նպատակներով (USE-IT)» թեմայով։

Վանաձորի պետական համալսարանը ներկայացնում էին գիտահետազոտական աշխատանքների և նորարարությունների բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը, էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ Վիկտորիա Հարությունյանը և 10 ուսանողներ։

Ամառային դպրոցի պաշտոնական բացումը կատարեցին Բաթումի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանի ռեկտոր Տիտե Արոշիձեն և Բաթումիում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը։

Նախագիծը կազմակերպվել էր Բաթումի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանի Տուրիզմի ֆակուլտետի, Ֆրանկոֆոն զբաղվածության կենտրոնի (CEF Batoumi), ԲՊՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Բարձրագույն կրթության միջազգայնացում միջառարկայական հետազոտությունների և զարգացման միջոցով» ամբիոնի, Անժեի համալսարանի (Ֆրանսիա) և Վանաձորի պետական համալսարանի (Հայաստան) համագործակցության արդյունքում։

Ամառային դպրոցի հիմնական նպատակն էր ուսումնասիրել զբոսաշրջության, մշակույթի և հյուրընկալության ոլորտների ժամանակակից մարտահրավերները, խթանել ուսանողների, դասախոսների և միջազգային գործընկերների համագործակցությունը, ինչպես նաև ուսումնասիրել Բաթումի զբոսաշրջային տարածքն ու քարտեզագրել քաղաքի զբոսաշրջային ռեսուրսները՝ կիրառելով միջազգային ճանաչում ունեցող USE-IT մեթոդաբանությունը։

Նախագծում ներգրավված էին Բաթումի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանի, Անժեի համալսարանի (INNTO-ESTHUA) ներկայացուցիչներ՝ պրոֆեսորներ, հետազոտողներ, դոկտորանտներ, ինչպես նաև վրացի, ֆրանսիացի և հայ ուսանողներ, որոնք համագործակցում էին Erasmus+ միջազգային շարժունակության և ծրագրի շրջանակներում։

Ամառային դպրոցի ընթացքում մասնակիցներն անցան բարձր մակարդակի տեսական և գործնական դասընթացներ՝ ուսումնասիրելով.
վեբ քարտեզագրության ժամանակակից գործիքները (UMAP և Google Maps),
ափամերձ զբոսաշրջության սոցիոլոգիական և մեթոդաբանական մոտեցումները,
ժամանցային զբոսաշրջության աշխարհագրությունը և քաղաքային փոխակերպումները,
հյուրանոցային և տուրիստական ոլորտների եկամուտների կառավարման մոդելները,
զգայական քարտեզների ստեղծման գիտական մեթոդները,
զբոսաշրջության և լուսանկարչության փոխկապակցվածությունը,
գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացման առանձնահատկությունները։

Ծրագրի կարևոր արդյունքը դարձավ USE-IT Բաթումի քարտեզի հայեցակարգի և աշխատանքային տարբերակի ստեղծումը։ Եվրոպայում լայնորեն կիրառվող USE-IT ձևաչափի հիման վրա ուսանողները վրացի և ֆրանսիացի մենթորների աջակցությամբ մշակեցին երիտասարդ ճանապարհորդների համար նախատեսված այլընտրանքային թեմատիկ քարտեզ, որը Բաթումը ներկայացնում է նոր և ստեղծագործական տեսանկյունից։

Ծրագրի շրջանակում մասնակիցները նաև այցելեցին Գոնիո-Ապսարոս ամրոց, որտեղ ծանոթացան տարածաշրջանի հարուստ պատմամշակութային ժառանգությանը՝ ամրապնդելով ակադեմիական համագործակցությունը մշակութային փոխանակմամբ։

Միջազգային ամառային դպրոցը դարձավ համալսարանների արդյունավետ համագործակցության, գիտական փորձի փոխանակման և ուսանողների մասնագիտական զարգացման լավագույն օրինակներից մեկը։ Erasmus+ շարժունության ծրագրի շրջանակներում ներգրավված յոթ օտարերկրյա պրոֆեսորների, ինչպես նաև վրացի, ֆրանսիացի և հայ ուսանողների համատեղ աշխատանքը ևս մեկ անգամ ընդգծեց նախագծի միջազգայնացման բարձր մակարդակը։

Ծրագիրն ավարտվեց մասնակիցների նախագծային աշխատանքների ներկայացմամբ և վկայականների հանդիսավոր հանձնմամբ։

Վանաձորի պետական համալսարանը բարձր է գնահատում Բաթումի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանի, Անժեի համալսարանի, բոլոր կազմակերպիչների, դասախոսների և գործընկերների ներդրումը այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում։ Նման ծրագրերը նպաստում են միջազգային գիտակրթական կապերի ամրապնդմանը, նորարարական կրթական մեթոդների ներդրմանը և զբոսաշրջության ոլորտում ժամանակակից մասնագիտական կարողությունների ձևավորմանը։

Վերադառնալուց հետո Վանաձորի պետական համալսարանում կայացավ հանդիպում համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանի հետ, որի ընթացքում ամփոփվեցին Բաթումում անցկացված միջազգային ամառային դպրոցի արդյունքները և քննարկվեցին հետագա համագործակցության հեռանկարները։

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նման ձևաչափի միջազգային ծրագրերի կարևորությանը՝ ուսանողների և դասախոսների մասնագիտական զարգացման, գիտահետազոտական գործունեության ակտիվացման և խորացման տեսանկյունից։ Ռեկտոր Արմեն Ծատուրյանը ընդգծեց, որ համալսարանը շարունակելու է աջակցել միջազգային կրթական և գիտական նախաձեռնություններին՝ խրախուսելով ուսանողների և դասախոսների ակտիվ մասնակցությունը նման ծրագրերին, ինչպես նաև կարևորեց դրանց շարունակականությունն ու առավել լայն ընդգրկումը։

Ամառային դպրոցի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ռեկտորին ցուցաբերած աջակցության, հոգատար վերաբերմունքի և միջազգային ծրագրերին մասնակցելու համար ստեղծված բարենպաստ պայմանների համար։ Նրանք ներկայացրին իրենց ձեռք բերած գիտելիքները, փորձը և տպավորությունները՝ նշելով, որ նման նախաձեռնությունները ոչ միայն նպաստում են մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլև ստեղծում են միջազգային համագործակցության և մշակութային փոխանակման նոր հնարավորություններ։

Իր հերթին, ռեկտոր Արմեն Ծատուրյանը շնորհակալություն հայտնեց ծրագրին մասնակցած բոլոր անդամներին՝ համալսարանը միջազգային հարթակում արժանապատվորեն ներկայացնելու, բարձր պատասխանատվություն դրսևորելու և ձեռք բերած գիտելիքներն ու փորձը համալսարանական համայնքի հետ կիսելու պատրաստակամության համար։ Նա վստահություն հայտնեց, որ այս համագործակցությունը կշարունակվի նոր նախագծերով, գիտական նախաձեռնություններով և միջազգային կրթական ծրագրերով։

Previous Article
Next Article