Պիլոտային հանդիպում 2 Էրազմուս+ DeSIRe նախագծի շրջանակում

2026 թվականի հունիսի 5-ին Վանաձորի պետական համալսարանում DeSIRe նախագծի շրջանակում անցկացվեց փափուկ հմտությունների մոդուլների և զանգվածային բաց առցանց դասընթացների (MOOCs) երկրորդ պիլոտային միջոցառումը։ Միջոցառման նպատակն էր գնահատել մշակված կրթական ռեսուրսների կիրառման արդյունավետությունը, դրանց համապատասխանությունը ժամանակակից կրթական պահանջներին և ստանալ մասնագիտական հետադարձ կապ՝ դասընթացների հետագա կատարելագործման նպատակով։

Միջոցառմանը մասնակցեցին եվրոպական գործընկեր հաստատություններից փորձագետներ Ֆիլիպ Փեննին, ով ներկայացնում է Դուն Լիրի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիաների ինստիտուտը, Իռլանդիա, և Իսպանիայի  Գրանադայի համալսարան ներկայացուցիչ Իգնասիո Ջ. Բլանկոն։ Նրանց այցը կարևոր հնարավորություն էր շարունակելու արդյունավետ համագործակցությունը, փոխանակելու մասնագիտական փորձը և համատեղ գնահատելու նախագծի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները։

Միջոցառումը մեկնարկեց DeSIRe նախագծի շրջանակում մշակված երկու փափուկ հմտությունների մոդուլների դիտարկմամբ՝ Մոդուլ 4․ «Առաջնահերթությունների սահմանում և որոշումների կայացման հմտություններ» և Մոդուլ 5․ «Ստեղծագործական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ»։ Դիտարկված դասընթացները հիմնված էին ուսանողակենտրոն ուսուցման սկզբունքների վրա և ուղղված էին սովորողների ակտիվ ներգրավվածության, համագործակցային աշխատանքի, քննադատական և ստեղծագործական մտածողության, ինչպես նաև որոշումների կայացման կարողությունների զարգացմանը։ Մոդուլների ընթացքում կիրառվող ինտերակտիվ մեթոդներն ու գործնական առաջադրանքները նպաստում էին մասնակիցների ակտիվ մասնակցությանը և ուսումնառության արդյունավետ կազմակերպմանը։

Դիտարկումներից հետո մասնակիցները շարունակեցին մասնագիտական քննարկումները ոչ ֆորմալ միջավայրում՝ սուրճի ընդմիջման ընթացքում, ինչը հնարավորություն տվեց փոխանակել կարծիքներ, ներկայացնել դիտարկումներ և քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները։

Միջոցառումը շարունակվեց DeSIRe նախագծի շրջանակում մշակված և «Փափուկ հմտությունների թվային  օբսերվատորիա» հարթակում տեղակայված զանգվածային բաց առցանց դասընթացների ներկայացմամբ՝ MOOC 1․ «Արդյունավետ բիզնես հաղորդակցություն և բանակցային հմտություններ» և MOOC 5․ «Էմոցիոնալ և սոցիալական ինտելեկտ»։ Ներկայացումների ընթացքում ցուցադրվեցին դասընթացների կառուցվածքը, բովանդակությունը, ուսումնական նյութերը և թվային ռեսուրսները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ինտերակտիվ ուսուցման, մուլտիմեդիա գործիքների կիրառման և սովորողների ինքնուրույն ուսումնառությունը խթանող մեխանիզմների ներդրմանը։

Եվրոպացի փորձագետները բարձր գնահատեցին ներկայացված մոդուլների և առցանց դասընթացների որակը, կառուցվածքային հստակությունը, մանկավարժական հիմնավորվածությունը և նորարարական մոտեցումները։ Նրանք ընդգծեցին, որ մշակված կրթական նյութերը լիովին համահունչ են ժամանակակից բարձրագույն կրթության պահանջներին և նպաստում են հաղորդակցման, համագործակցության, առաջնորդության, քննադատական մտածողության, խնդիրների լուծման, ինչպես նաև էմոցիոնալ և սոցիալական ինտելեկտի զարգացմանը։ Բարձր գնահատվեց նաև Moodle հարթակում տեղակայված «Փափուկ հմտությունների թվային  օբսերվատորիա»-ի արդյունավետ կիրառումը, որը նպաստում է թվային կրթության զարգացմանը և ցկյանս ուսումնառության մշակույթի ամրապնդմանը։

Միջոցառման ավարտին Ֆիլիպ Փեննին և Իգնասիո Խ. Բլանկոն անցկացրին վարպետաց դաս, որի ընթացքում անդրադարձ կատարվեց փափուկ հմտությունների դերին բարձրագույն կրթության, զբաղվածության, առաջնորդության և ցկյանս ուսումնառության համատեքստում։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու միջազգային փորձին, քննարկելու արդի մարտահրավերներն ու զարգացման միտումները և ստանալու արժեքավոր մասնագիտական խորհուրդներ։

Ընդհանուր առմամբ, երկրորդ պիլոտային միջոցառումը գնահատվեց որպես հաջողված և արդյունավետ։ Այն ևս մեկ անգամ հաստատեց Վանաձորի պետական համալսարանի կարևոր դերակատարումը կրթության արդիականացման, թվայնացման և միջազգային համագործակցության զարգացման գործընթացներում։ Միջոցառումը ցույց տվեց, որ DeSIRe նախագծի շրջանակում մշակված մոդուլներն ու զանգվածային բաց առցանց դասընթացները կարևոր ներդրում են ուսանողակենտրոն, ճկուն և ապագային միտված բարձրագույն կրթական միջավայրի ձևավորման գործում՝ նպաստելով ինչպես կրթության որակի բարձրացմանը, այնպես էլ սովորողների փափուկ հմտությունների շարունակական զարգացմանը։

Previous Article
Next Article