Զբոսաշրջության զարգացման հնարավորությունները Վանաձորում․ ինտերակտիվ դասախոսություն ՎՊՀ ինովացիոն կենտրոնում՝ միջազգային փորձագետի մասնակցությամբ
Ապրիլի 30-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ ինտերակտիվ դասախոսություն՝ միջազգային փորձագետ Միկե Կույտերսի մասնակցությամբ։
Հանդիպումը կազմակերպվեց Վանաձորի համայնքապետարանի և Վանաձորի պետական համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում։ Այն հերթական նախաձեռնությունն էր, որը միավորեց բուհի դասախոսներին և ուսանողներին, համայնքապետարանի ոլորտային պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներին, ինչպես նաև «Experts for Municipal Partnerships Worldwide» (Համայնքային գործընկերությունների համաշխարհային փորձագետներ) ծրագրի շրջանակում Վանաձորի համայնքապետարանում գործունեություն ծավալող զբոսաշրջության միջազգային փորձագետին։
Դասախոսությանը մասնակցեցին համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության ուսանողները, որոնք հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու ոլորտի արդի միտումներին, այլև հաղորդակցվելու միջազգային փորձագետի հետ, հարցեր ուղղելու և քննարկելու իրենց հետաքրքրող թեմաները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Վանաձոր համայնքում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները՝ դրանք դիտարկելով որպես համայնքային զարգացման կարևոր ուղղություններ։ Հատուկ ուշադրություն դարձվեց զբոսաշրջային վայրերի տվյալների բազաների ստեղծման և դրանց հետագա քարտեզագրման գործընթացներին, որոնք կարող են նպաստել ոլորտի համակարգված զարգացմանն ու տեսանելիության բարձրացմանը։
Միկե Կույտերսը ներկայացրեց նաև տարբեր երկրներում իր իրականացրած փորձը՝ ընդգծելով տեղական ներուժի արդյունավետ օգտագործման, համագործակցային մոտեցումների և կայուն զարգացման կարևորությունը։
Նման ձևաչափով հանդիպումները կարևոր հարթակ են ձևավորում բուհ-համայնք համագործակցության զարգացման, մասնագիտական փորձի փոխանակման և ապագա մասնագետների կարողությունների ընդլայնման համար։



