«Ազգային գրադարանային շաբաթ 2026». «Դպրոցական գրադարան. ավանդույթից դեպի նորարարություն» խորագրով զեկուցումներ

Ապրիլի 20-ին համալսարանի գրադարան-ռեսուրս կենտրոնում կայացավ «Դպրոցական գրադարան․ ավանդույթից դեպի նորարարություն» խորագրով զեկուցումների շարք։ Միջոցառումը համախմբեց պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին և մարզի դպրոցների գրադարանավարներին։

Մասնակիցները ներկայացրին հետաքրքիր ելույթներ, որոնք վերաբերում էին կրթության տարբեր ոլորտներին՝ ընդգծելով գրադարանի և ուսումնական գործընթացի անքակտելի կապը։

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ավագ դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Հասմիկ Խաչատրյանը ներկայացրեց «Հայրենասիրության և բարոյական արժեքների հարցադրումները Սասունցի Դավիթ էպոսի ուսուցման դասագործընթացում» թեմայով զեկույց։

«Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Շումանյանը խոսեց արտադասարանային ընթերցանության կազմակերպման գործում գրադարանի օժանդակ դերի մասին։

 Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի «Մանկավարժության տեսություն և պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի հայցորդ Հերմինե Այվազյանը ներկայացրեց «Ընթերցանությունը որպես կրթության առաջնահերթություն» թեման։

Լոռու մարզային գրադարանի գրադարանավար, բուհի շրջանավարտ Նարինե Ադամյանը կիսվեց դպրոցական գրադարանների հետ համագործակցության իրենց հարուստ փորձով։

«Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Ղուլիջանյանը ելույթ ունեցավ «Լեզվական խաղերը գրադարանային միջավայրում» թեմայով՝ ներկաների հետ անցկացնելով այդ խաղերի գործնական օրինակները։

Գրադարանի վարիչ Գոհար Գաբոյանը, բարձր գնահատելով կատարված հետազոտական աշխատանքները, գրքեր շնորհեց զեկուցողներին։ Այնհուհետև ամփոփելով գրադարանային շաբաթը՝ շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և մասնակիցներին  արդյունավետ համագործակցության համար։

Previous Article
Next Article