«Ռեկտորի գավաթ-2026». Վանաձորի պետական համալսարանում ամփոփվեց ֆուտզալի առաջնությունը

Ապրիլի 15-ին ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանը հանդիսավորությամբ պարգևատրեց «Ռեկտորի գավաթ» ֆուտզալի ամենամյա մրցաշարի հաղթողներին։

Ապրիլի 7-10-ը Վանաձորի «Կենտրոն համալիր» մարզադպրոցում անցկացված և արդեն ավանդական դարձած ամենամյա մրցաշարը կազմակերպվել էր ՎՊՀ արվեստի և սպորտի ամբիոնի նախաձեռնությամբ ի դեմս՝ ամբիոնի վարիչ Արման Բարսեղյանի և գլխավոր մրցավար, ամբիոնի դասախոս Մհեր Մկրտչյանի։

Ներբուհական  առաջնությանը մասնակցում էին համալսարանի ֆակուլտետների, ՎՊՀ քոլեջի և հենակետային վարժարանի թիմերը։ Մրցաշարի նպատակն էր զարգացնել ֆուտզալ մարզաձևը համալսարանում, բարձրացնել ուսանողների և աշակերտների մարզական ակտիվությունը, ինչպես նաև բացահայտել լավագույն մարզիկներին՝ բուհը պատշաճ ներկայացնելու ՀՀ միջբուհական առաջնություններում։

Թեժ և հետաքրքիր պայքարի արդյունքում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ․ առաջին տեղը գրավեց հասարակական գիտությունների ֆակուլտետի թիմը (թիմի ներկայացուցիչ՝ արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ Զավեն Էվոյան), երկրորդ տեղը՝ ՎՊՀ քոլեջի թիմը (թիմի ներկայացուցիչներ՝ Ռաֆիկ Մարտիրոսյան, Դավիթ Հարությունյան), երրորդ տեղը՝ բնական գիտությունների ֆակուլտետի թիմը (թիմի ներկայացուցիչ՝ արվեստի և սպորտի ամբիոնի ավագ դասախոս Սերժիկ Բարսեղյան)։

Անհատական անվանակարգերում լավագույն դարպասապահ ճանաչվեց Ռազմիկ Հովհաննիսյանը (հասարակական գիտությունների ֆակուլտետ), իսկ լավագույն խաղացող՝ Արմեն Մկրտչյանը (հասարակական գիտությունների ֆակուլտետ)։

1-ին տեղը զբաղեցրած թիմին հանդիսավոր կերպով հանձնվեց  փոխանցիկ գավաթը, դիպլոմներ և մեդալներ։ 2-րդ և 3-րդ  հորիզոնականները զբաղեցրած թիմերը նույնպես պարգևատրվեցին համապատասխան կարգի մեդալներով ու դիպլոմներով։

Ռեկտոր Արմեն Ծատուրյանը, շնորհավորելով մասնակիցներին, բարձր գնահատեց նմանատիպ նախաձեռնությունների դերը բուհական կյանքի աշխուժացման և առողջ ապրելակերպի խթանման գործում։

Previous Article
Next Article