Հումանիտար գիտությունների ֆակուլտետի երկրորդ մարզիկ-ուսանողը վերադարձավ հաջողությամբ
Դեկտեմբերի 16-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանն ընդունեց համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Գևորգ Ներկարարյանին և հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանին:
Համալսարանի ռեկտորը շնորհավորեց Գևորգ Ներկարարյանին՝ օրերս Լեհաստանում կայացած կարատեի աշխարհի առաջնությանը պատվավոր երրորդ տեղը զբաղեցնելու կապակցությամբ: Շնորհալի մարզիկին բուհի կողմից հանձնվեց խրախուսական պարգև և հուշանվեր: Մաղթանքը մեկն է՝ շարունակական հաղթանակներ՝ ընտրած երկու մասնագիտության մեջ էլ:
Գևորգ Ներկարարյանը կարատե մարտարվեստով զբաղվում է տասը տարեկանից: Անկեղծանում է՝ նման մասշտաբային առաջնության առաջին անգամ էր մասնակցում, թեև միջազգային մրցումների մասնակցության փորձ ունի: Պատասխանատվությունը մեծ էր, մասնակից մարզիկների թիվը՝ 1500-ից ավելի: Գևորգի խոսքով՝ դժվարությունները հաղթահարում է մարզիչ Վահե Դաղբաշյանի փոխանցած մոտիվացիայի և իր նպատակասլացության շնորհիվ:
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի աշխատակազմը և ուսանողությունը շնորհավորում են Գևորգ Ներկարարյանին և մաղթում ավելի մեծ նվաճումներ՝ մարզական կյանքում: