Ամփոփվեց 2023-2024 ուստարվա «Ռեկտորի գավաթ» ֆուտզալի ամենամյա մրցաշարը
Ապրիլի 16-ին Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցում ավարտվեց Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի 2023-2024 ուստարվա «Ռեկտորի գավաթ» ֆուտզալի ամենամյա մրցաշարը։ Մրցաշարին մասնակցում էին ՎՊՀ բնական գիտությունների, հասարակական գիտությունների ֆակուլտետների, քոլեջի և հենակետային վարժարանի, Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ-1, Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ-2 թիմերը։
Համառ պայքարի արդյունքում 3 թիմ վաստակեց 12-ական միավոր։ Հաշվի առնելով ՈՒԵՖԱ-յի կանոնակարգը՝ մրցանակային 3-րդ տեղը գրավեց ՎՊՀ բնական գիտությունների ֆակուլտետի հավաքական թիմը, 2-րդ տեղը զբաղեցրեց ՎՊՀ քոլեջի հավաքական թիմը, իսկ մրցաշարի հաղթող ճանաչվեց հասարակական գիտությունների ֆակուլտետի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ-2» թիմը։
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին պատվոգրեր և մեդալներ հանձնեցին բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը, համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը: Պարգևատրվեցին նաև «Լավագույն դարպասապահ», «Լավագույն պաշտպան» և «Լավագույն հարձակվող» ճանաչված մարզիկները։
«Ռեկտորի գավաթ» ֆուտզալի ամենամյա մրցաշարը կրելու է շարունակական բնույթ. նպատակն է՝ ոչ միայն նպաստել առողջ ապրելակերպի մասսայականացմանը ուսանողների շրջանում, այլև լավագույն խաղացողներից ստեղծել ֆուտզալի հավաքական թիմ, որը հանդես կգա միջբուհական մրցաշարերում: