Վանաձորի պետական համալսարանը շարունակում է բուհ-դպրոց փոխայցելությունները
Բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում շարունակվում են մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հանդիպումները։
Նախաձեռնությունն իրականացվում է համալսարանի գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի կողմից՝ նպատակ ունենալով ուղղորդելու աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում և ներկայացնելու բուհի կրթական ներուժն ու հնարավորությունները։
Այս համատեքստում համալսարանի աշխատանքային խումբը փետրվարին 11-ին այցելել է Վանաձորի թիվ 13 ավագ դպրոց, փետրվարի 13-ին՝ թիվ 18 միջնակարգ դպրոց։
Հատկանշական է, որ բուհ-դպրոց համագործակցությունը կրում է երկկողմանի բնույթ․ փետրվարի 20-ին Վանաձորի պետական համալսարանն իր հարկի տակ հյուրընկալեց Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին։
Աշխատանքային խմբի կազմում էին ռեկտոր, մ.գ.դ. Արմեն Ծատուրյանը, գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար, կ․գ․թ․, դոցենտ Արմենուհի Հարությունյանը, բուհ-դպրոց կապի համակարգող-մասնագետ Աիդա Իսկանդարյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Թերեզա Շահվերդյանը, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Հերմինե Գրիգորյանը։
Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվեցին համալսարանում ընթացող բարեփոխումները, ընդունելության պայմանները, կրթական ծրագրերն ու շրջանավարտների կարիերայի հեռանկարները։
Պարբերական բնույթ կրող նմանատիպ հանդիպումները ևս մեկ անգամ վկայում են, որ կրթական համակարգի շարունակականության ապահովումն ու որակական նոր մակարդակի ձևավորումը համալսարանի ռազմավարական առաջնահերթություններից են։



