ՎՊՀ գրադարանային ֆոնդը համալրվել է արժեքավոր գիտական գրականությամբ
Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի գրադարանային ֆոնդը համալրվել է նոր մասնագիտական գրականությամբ՝ նպաստելով համալսարանի կրթական և գիտական միջավայրի հարստացմանը։ Գրքերի արժեքավոր նվիրատվությունը կատարել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ով համատեղության կարգով դասավանդում է նաև ՎՊՀ պատմության բաժնում։
Նվիրաբերված գրքերի շարքում են Ռուբեն Մելքոնյանի հեղինակած գիտական աշխատությունները, այդ թվում՝ «Հայոց ցեղասպանության թեման արդի թուրքական գրականության մեջ» գիրքը։ Նվիրատվությունը ներառում է նաև համահեղինակությամբ պատրաստված աշխատություններ և այլ հեղինակների գրքեր, որոնք հրատարակվել են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի գիտական նախաձեռնությունների շրջանակում ։
Նվիրատվությունը կարևոր նշանակություն ունի հատկապես ՎՊՀ պատմության բաժնի մագիստրոսական կրթական ծրագրի «Ազգայնականությունը և իսլամականությունը ժամանակակից Թուրքիայում» դասընթացի արդյունավետ իրականացման համար։ Նոր գրականությունը հնարավորություն կտա ուսանողներին օգտվելու արդիական գիտական աղբյուրներից, խորացնելու իրենց մասնագիտական գիտելիքները և առավել համակողմանիորեն ուսումնասիրելու ժամանակակից Թուրքիայի քաղաքական ու գաղափարական գործընթացները։
Հատկանշական է, որ նշված դասընթացը ՎՊՀ պատմության բաժնի մագիստրոսական կրթական ծրագրում ներառվել է 2025 թվականին՝ համալսարանի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ քննարկումների արդյունքում։ Նախաձեռնության հիմքում եղել է պատմության բաժնում թուրքագիտական ուղղվածությամբ առարկաների դասավանդման անհրաժեշտությունը։
Կարևորելով այդ առաջարկը՝ համալսարանը կրթական ծրագրում ներառել է նոր դասընթացը, որի իրականացումը ստանձնել է պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Չնայած մասնագիտական զբաղվածությանը՝ նա ընդունել է համալսարանի առաջարկը՝ իր գիտելիքներն ու փորձառությունը փոխանցելու ուսանողներին։
ՎՊՀ պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Արթուր Մելիքյանը առանձնահատուկ երախտագիտություն է հայտնել գրքերի արժեքավոր նվիրատվության համար՝ ընդգծելով դրա կարևորությունը համալսարանի գրադարանային ֆոնդի համալրման և ուսանողների մասնագիտական կրթության որակի բարձրացման գործում։
Գրքերի այս նվիրատվությունը ևս մեկ կարևոր քայլ է համալսարանի կրթական և գիտական միջավայրի հարստացման ուղղությամբ՝ նպաստելով ուսանողների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ու արդիական գիտական գրականության հասանելիությանը։



