ՎՊՀ դասախոս Մարինե Էվոյանը դասավանդել է Մալագայի համալսարանում
2026 թ. մարտի 16–20-ը Վանաձորի պետական համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Մարինե Էվոյանը, Erasmus+ KA171 շարժունության ծրագրի շրջանակում, անց է կացրել դասախոսություններ Մալագայի համալսարանում։ Այցը ներառել է ընդհանուր առմամբ 8 ժամ դասավանդում։
Այցի ընթացքում նա վարել է դասեր անգլերեն լեզվի դասավանդման մագիստրոսական ծրագրի ուսանողների համար՝ կենտրոնանալով խոսքային առաջադրանքների,մասնավորապես ոչ պաշտոնական բանավեճի, գնահատման մեթոդների վրա: Նա նաև դասավանդել է Թարգմանության և բանավոր թարգմանության (B2 մակարդակ) բակալավրիատի ուսանողներին, որտեղ դասերը կենտրոնացած էին elevator pitch-ի և ոչ պաշտոնական բանավեճի վրա՝ զարգացնելով գործնական հաղորդակցական և քննադատական մտածողության հմտությունները։
Մեկ այլ դաս է անցկացվել Փիլիսոփայության և արվեստների ֆակուլտետի ուսանողների հետ, որտեղ Մարինե Էվոյանը հանդես է եկել անգլերեն ելույթով՝ նվիրված Հայաստանին, նրա մշակույթին և պատմությանը, որը ուսանողները միաժամանակ թարգմանել են իսպաներեն։ Այս գործունեությունը ստեղծել է իրական մասնագիտական միջավայր և նպաստել ուսանողների բանավոր թարգմանության կարողությունների զարգացմանը։
Դասախոսությունները կազմակերպվել և աջակցվել են դոկտոր Միրիամ Սեգիրիի (Փիլիսոփայության և արվեստների ֆակուլտետ), դոկտոր Մերի Գրիֆիթի (Կրթական գիտությունների ֆակուլտետ) և դոկտոր Կառլոս Իդալգոյի (Փիլիսոփայության և արվեստների ֆակուլտետ) կողմից, որոնց համագործակցությունն ու հյուրընկալությունը մեծապես նպաստել են այցի հաջողությանը։
Այս ակադեմիական փոխանակումը ևս մեկ անգամ ամրապնդեց ինստիտուցիոնալ համագործակցությունը և նպաստեց Վանաձորի պետական համալսարանի միջազգայնացման գործընթացին։



