ՎՊՀ-ում բացվեց Լիլիթ Սարուխանյանի անվան լսարանը

Կան մարդիկ, որոնց ներկայությունը ժամանակի հետ չի հեռանում․ այն շարունակում է ապրել նրանց փոխանցած գիտելիքի, մարդկային ջերմության, թողած արժեքների և իրենց ճանաչած մարդկանց հիշողություններում։ Նրանք հեռանում են, բայց նրանց ներկայությունը մնում է այնտեղ, որտեղ երբևէ հնչել է նրանց ձայնը, խորհուրդը ու փոխանցած գիտելիքը։
Նոյեմբերի 10-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում այդ հիշողությունը նոր հասցե ստացավ․ բացվեց բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Սարուխանյանի անվան լսարանը՝ մի վայր, որտեղ այսուհետ նրա անունը կուղեկցի նոր սերունդների կրթությանն ու մասնագիտական կայացմանը։ Միջոցառման ընթացքում նրա կյանքի ու անցած մասնագիտական ուղու մասին հնչած խոսքերում մեկ ընդհանուր միտք էր ընդգծվում՝ Լիլիթ Սարուխանյանը ոչ միայն իր գործի գիտակ ու գրագետ դասախոս էր, այլև պատասխանատու, դրական, սկզբունքային ու մարդկային բարձր արժեքներ կրող անհատականություն։ Նրա մասին հիշողությունները պահպանվել են ոչ միայն որպես լավ մասնագետի, այլև որպես մարդու, ում հոգատարությունը, վերաբերմունքն ու ներկայությունը տարիներ անց էլ չեն մոռացվում։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՎՊՀ ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Ծատուրյանը՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով Լիլիթ Սարուխանյանի ընտանիքին, որը սիրով արձագանքել էր նախաձեռնությանը և սեփական ջանքերով ու հոգատարությամբ նորոգել լսարանը՝ իր ներդրումն ունենալով հարազատ մարդու հիշատակը համալսարանում արժևորելու և նրա անունը գալիք սերունդներին փոխանցելու գործում։ Ռեկտորն ընդգծեց, որ սա պարզապես լսարանի նորոգում կամ համալսարանական տարածքի բարեկարգում չէ, այլ երախտագիտության ու հարգանքի արտահայտություն՝ այն մարդու հանդեպ, ով իր գիտելիքով ու մարդկային որակներով կարևոր հետք է թողել համալսարանի կյանքում։
Իր երախտագիտության խոսքը հնչեցրեց նաև Լիլիթ Սարուխանյանի հայրը՝ վաստակավոր մանկավարժ Սեյրան Սարուխանյանը։ Նա շնորհակալություն հայտնեց համալսարանին՝ դստեր հիշատակը նման կերպ արժևորելու, նրա անունը համալսարանական կյանքում պահպանելու համար՝ ներկաներին մաղթելով բարին ու խաղաղություն։
Լիլիթ Սարուխանյանի մասին ջերմությամբ խոսեց ՎՊՀ հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոցենտ Մարիա Բրուտյանը։ Անդրադառնալով նրա մասնագիտական վաստակին ու մարդկային նկարագրին՝ նա ընդգծեց դասախոսի փոխանցած հարուստ գիտելիքը, ուսանողների հանդեպ հոգատարությունը և այն բարձր մարդկային որակները, որոնք նրան դարձրել էին առանձնահատուկ անհատականություն։ Խոսքն այնքան կենդանի հիշողություններ էր արթնացնում, որ Լիլիթի մասին կարծես խոսվում էր ոչ թե անցյալով, այլ ներկայով․ նրա ներկայությունը շարունակում է զգացվել իրեն ճանաչած մարդկանց կյանքում։
Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լուսիկ Վարդանյանն իր խոսքում նշեց, որ այս օրը Լիլիթ Սարուխանյանի կատարած աշխատանքի, թողած մեծ ժառանգության ու համալսարանական կյանքում ունեցած ներդրման արժևորման հնարավորություն է։ Նա առանձնահատուկ ջերմությամբ հիշեցրեց Լիլիթի անկրկնելի անհատականության մասին՝ նշելով, որ նրան անհնար էր շփոթել որևէ մեկի հետ․ նա ուներ իր ուրույն կեցվածքը, ոճը, խոսքը, սկզբունքներն ու մարդկային նկարագիրը։
Իր քրոջ անունը համալսարանի պատերից ներս կրկին հնչեցնելու, նրա հիշատակը պահպանելու և այս նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար շնորհակալություն հայտնեց նաև Լիլիթ Սարուխանյանի քույրը՝ մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Լուսինե Սարուխանյանը։
Խորհրդանշական պահ էր լսարանի բացումը․ ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանն ու Սեյրան Սարուխանյանը միասին կտրեցին ժապավենը, որից հետո ներկաները ներս մտան՝ ծանոթանալու նորոգված լսարանին։
Այս լսարանում այսուհետ կհնչեն նոր սերունդների ձայները, կծնվեն նոր մտքեր ու գաղափարներ, կփոխանցվեն գիտելիքներ։ Եվ այդ ամենի հետ անտեսանելիորեն ներկա կլինի նաև Լիլիթ Սարուխանյանը՝ իր անունով, իր թողած ժառանգությամբ ու այն ջերմությամբ, որը տարիների հեռավորությունն անգամ չի կարող ջնջել։ Չէ՞ որ կան մարդիկ, որոնց հիշատակը պահպանելու համար բավական չէ միայն հիշել․ նրանց անունը պետք է շարունակի ապրել, իսկ գործը՝ ներշնչել։

Previous Article
Next Article