Երեք մարզի 283 ուսուցիչներ հանդիսավորությամբ վկայականներ ստացան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԿԳՄՍ նախարարության երաշխավորմամբ Վանաձորի պետական համալսարանը իրականացնում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: Դասընթացների առաջին և երկրորդ փուլերի արդյունքում վերապատրաստվել է 283 ուսուցիչ՝ 102 դպրոցներից՝ Լոռու, Արարատի և Արագածոտնի մարզերից: Դասընթացներն իրականացվել են տասներեք մասնագիտություններով.
1. «Հայոց լեզու և գրականություն»
2. «Անգլերեն»
3. «Ռուսերեն»
4. «Մաթեմատիկա»
5. «Ֆիզիկա»
6. «Կենսաբանություն»
7. «Քիմիա»
8. «Ֆիզիկական կուլտուրա»
9. «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա (դասվարություն)»
10. «Պատմություն»
11. «Հասարակագիտություն»
12. «Տեխնոլոգիա»
13. «Նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ)»
Համալսարանի դահլիճում տեղի ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակից ուսուցիչների վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն: Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը նախ շնորհավորեց ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով բուհի հանդեպ ցուցաբերած վստահության և ընտրության համար: «Մեզ համար կարևոր և պարտավորեցնող է, որ ընտրել եք մեզ»,-իր խոսքում նշեց Ռ. Սահակյանը՝ հույս հայտնելով, որ ստացված գիտելիքները լավագույնս կկիրառվեն գործնականում:
Հավելենք նաև, որ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների երրորդ փուլը ևս մեկնարկել է: