Վանաձորի պետական համալսարանում հանդիսավորությամբ ազդարարվեց նոր ուսումնական տարվա սկիզբը
Հայաստանի Հանրապետության և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հիմնի ներքո ազդարարվեց 2022-23 ուստարվա գիտելիքի, գրի և դպրության օրվան նվիրված միջոցառման մեկնարկը: Ներկաներին գեղարվեստական ելույթով ողջունեց համալսարանի «Ադելաս» պարային համույթը :
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ բոլոր ուսանողներին, կրթության ոլորտի ներկայացուցիչներին՝ մանկավարժներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և առանձնահատուկ առաջին կուրսեցիներին շնորհավորեցին համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանը, ՎՊՀ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 2021-22 ուստարվա շրջանավարտ Անահիտ Ազարյանը և քոլեջի ուսանողուհի Անի Հովհաննիսյանը:
Ամենաբարձր միավորներով անվճար համակարգով համալսարան ընդունված հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության բաժնի ուսանողուհի Շահանե Խաչատրյանը հանդես եկավ երդման արարողությամբ և ստանձնեց գիտելիքի բանալին հանձնելու պատասխանատվությունը:
Վանաձորի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը վստահ է, որ ուսումնական այս տարին, ինչպես և նախորդ բոլոր տարիները, լինելու է կրթության և գիտելիքի վերաարժևորման տարի:
Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, թո՛ղ որ այս զանգն ազդարարի ձեր կյանքի նոր և կարևոր շրջափուլի սկիզբը՝ լի բազում հույսերով և իրականանալի նպատակներով: Հուսով ենք, որ դուք էլ մի օր հպարտությամբ կասեք.
«Ես ավարտել եմ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական hամալսարանը»:
Բարի երթ և կանաչ ճանապարհ՝ դեպի գիտության բարձունքը տանող դժվարամատույց, բայց հաղթահարելի ճանապարհին: