Ուսանողների միջազգային օրը ՎՊՀ-ում

Նոյեմբերի 17-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում նշվեց Ուսանողների միջազգային օրը՝ միավորելով տարբեր սերունդների համալսարանականներին, շրջանավարտներին և ուսանողներին։ Միջոցառումը կազմակերպվել էր ՎՊՀ Մշակույթի կենտրոնի կողմից։

Տոնական հանդիպման մեկնարկին ուսանողները ներկայացրին ուսանողական կյանքի բազմաշերտ բնույթը՝ այն դիտարկելով որպես կյանքի մի յուրահատուկ հանգրվան, որտեղ կրթությունը դառնում է ոչ միայն մասնագիտական առաջընթացի, այլև անհատականության ձևավորման, աշխարհայացքի ընդլայնման և սեփական ճանապարհը գտնելու կարևոր նախապայման։

Օրվա հետաքրքիր հատվածներից մեկը համալսարանի շրջանավարտների հետ հանդիպումն էր։ Տարբեր մասնագիտական ուղիներ անցած  շրջանավարտները վերադարձել էին հարազատ բուհ՝ կիսվելու անցած ճանապարհով և մասնագիտական փորձով։ Նրանց պատմությունները տարբեր էին, բայց մի բան անփոփոխ էր․Վանաձորի պետական համալսարանը և այստեղ ստացած գիտելիքը այն ամուր հիմքն են դարձել, որի վրա ձևավորվել է իրենց հաջողությունը։

Հանդիպման հյուրերն էին Կենսաբանություն մասնագիտության շրջանավարտ, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության նախագահ, EREOstyle սոցիալական ձեռնարկության ղեկավար Անուշ Ասլանյանը, Անգլերեն լեզու և գրականություն մասնագիտության շրջանավարտ Անահիտ Հանթոյանը և Իրավագիտություն մասնագիտության շրջանավարտ Արեն Հովհաննիսյանը։

Տոնական օրվա տրամադրությունն ամբողջացրին ՎՊՀ շնորհաշատ ուսանողների կատարումները։ Միջոցառման ընթացքում գնահատանքի արժանացան այն ուսանողները, որոնք համալսարանական կյանքում իրենց ակտիվ մասնակցությամբ, հասարակական նախաձեռնություններում ներգրավվածությամբ և մշակութային գործունեությամբ նշանակալի ներդրում են ունեցել բուհական կյանքում։ Շնորհակալագրերի արժանացան նաև ՎՊՀ քոլեջի ակտիվ ուսանողները։

Շնորհավորական խոսքով հանդես եկան ՎՊՀ կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Փարսադանյանը, գիտահետազոտական աշխատանքների և նորարարությունների բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը, միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար Գոհար Դոխոլյանը, ՎՊՀ Գրադարան-ռեսուրս կենտրոնի ղեկավար Գոհար Գաբոյանը։ Նրանք ուսանողներին մաղթեցին ուժ, եռանդ և նորանոր հաջողություններ՝ կարևորելով շարունակական ուսումնառությունը, գիտահետազոտական գործունեության մեջ ներգրավվածությունն ու առաջընթացի մշտական ձգտումը։

Միջոցառումն իր ամփոփիչ խոսքով եզրափակեց ՎՊՀ Մշակույթի կենտրոնի ղեկավար Մարիամ Լոռեցյանը՝ ուսանողներին հորդորելով լինել ակտիվ, նախաձեռնող, շարունակել սովորել և երբեք չդադարել ձգտել նոր բարձունքների։

Previous Article