Տեղեկատվական հանդիպում՝ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի վերաբերյալ

 2025 թվականի սեպտեմբերի 18-ին Վանաձորի պետական համալսարանի  Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժինը  Smart Caffe-ում  կազմակերպեց միջազգային կրեդիտային  շարժունության  ծրագրերի  վերաբերյալ տեղեկատվական հանդիպում։

Միջոցառման ընթացքում համալսարանի գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը  և միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետ Անահիտ Եղիազարյանը ուսանողներին ներկայացրեցին «Էրազմուս+» ծրագիրը, փոխանակման ծրագրերի առավելությունները, ընձեռվող հնարավորությունները, դիմելու պայմաններն ու ընթացակարգը։Ներկայացվեց համալսարանի ակտիվ համագործակցությունը արտասահմանյան գործընկեր բուհերի հետ, մանրամասն անդրադարձ կատարվեց միջազգային կրեդիտային շարժունությանը մասնակցելու հիմնական պայմաններին, ինչպես նաև այն փուլերին, որոնք անհրաժեշտ է իրականացնել ինչպես ծրագրին դիմելուց առաջ, այնպես էլ շարժունության ավարտից հետո։

 Ուսանողները ծանոթացան նաև Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության՝ DAAD ծրագրի հնարավորություններին: 

 2024-2025  ուսումնական տարվա ընթացքում Իսպանիայի` Մալագայի և Գրանադայի, Պորտուգալիայի` Պորտոյի, Լեհաստանի` Պոզնանի  համալսարաններում շարժունությանը և Գերմանիայի Դարմշտադտի համալսարանի ԴԱԱԴ ծրագրի ամառային դպրոցին մասնակցած ուսանողները կիսվեցին իրենց պատմություններով, տպավորություններով ու փորձով,  խոսեցին հանդիպող դժվարությունների ու հնարավոր լուծումների մասին։                                                                                        

Շարժունությանը մասնակցած   ուսանողները շնորհակալություն հայտնեցին Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների բաժնի աշխատակիցներին՝ կատարած կազմակերպչական աշխատանքների և աջակցության համար: Նրանց ոգևորիչ պատմություններն ու ձեռք բերած փորձառությունը վկայում են այն մասին, որ միջազգային կրթական փորձը դառնում է վերափոխող ճանապարհորդություն,  գիտելիքի, ինքնաճանաչման և նոր հորիզոնների բացման ուղի։

Previous Article
Next Article