Վանաձորի պետական համալսարանի ներկայացուցիչների մասնակցությունը «Ճախրուկ» հասարակական կազմակերպության համաժողովին
2025թ․ սեպտեմբերի 25-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը մասնակցեցին Խարբերդի մասնագիտացված մանկատանը տեղի ունեցած «Ճախրուկ» հասարակական կազմակերպության՝ «Հոգու ազատագրման արվեստը՝ ինքնաճանաչումից մինչև մարդկային հոգատարություն» խորագրով համաժողովին։
Համաժողովը մեկնարկեց «Ճախրուկի» հիմնադիրներ Անահիտ և Աննա Մխիթարյանների բացման խոսքերով, ապա երաժշտական կատարմամբ ելույթ ունեցավ «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը։
Համաժողովի ընթացքում բարձրաձայնվեցին հոգևոր և հուզական ինքնաճանաչման, ներքին ազատագրման և մարդկային կապերի խորացման վերաբերյալ թեմաներ։ Համաժողովին որպես բանախոսներ զեկույցներով հանդես եկան հոգեբանական, բժշկական, կրթական, մշակույթի ոլորտների, իրավական համակարգի և պետական կառավարման ներկայացուցիչներ։ Բանախոսների թվում էր նաև Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը։
Համաժողովը նպաստեց ոչ միայն մասնագիտական գործունեության և փորձի փոխանակմանը, այլև ստեղծեց մարդասիրական արժեքների, ինքնաճանաչման և ներքին բացահայտումների վերարժևորման միջավայր։ Այն վկայեց, որ մարդու ամբողջական զարգացումը սկսում է ինքն իրեն ճանաչելու, զգալու և դիմացինի ներաշխարհը ընկալելու ունակությունից։



