«Տարածաշրջանային իրազեկման օր 2»-ը համախմբեց միջազգային գործընկերներին բարձրագույն կրթության ոլորտում փափուկ հմտությունների զարգացմանը միտված քննարկումների շուրջ

2026 թվականի հուլիսի 21–22-ին Բաթումի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանը հյուրընկալեց Էրազմուս+ ծրագրի ՀԳ2 ԿԶԲԿ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի շրջանակում իրականացվող Տարածաշրջանային իրազեկման օր 2 (RAD 2) միջոցառումը։ Միջոցառումը համախմբեց գործընկեր համալսարանների ներկայացուցիչների, միջազգային փորձագետների, քաղաքականություն մշակողների, ուսանողների և նախագծի շահակիցների Հայաստանից, Վրաստանից և եվրոպական գործընկեր հաստատություններից՝ ամփոփելու նախագծի ձեռքբերումները և քննարկելու դրա հետագա զարգացումը։

Միջոցառումը մեկնարկեց Բաթումի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանի Որակի ապահովման բաժնի ղեկավար, դոկտոր Վլադիմեր Գլոնտիի, Աջարիայի ինքնավար հանրապետության գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության նախարարի տեղակալ, դոկտոր Իռմա Ափխազավայի և DeSIRe նախագծի համակարգող, դոկտոր Լուսիկ Վարդանյանի ողջույնի խոսքով։ Այնուհետև տիկին Վարդանյանը ներկայացրեց նախագծի առաջընթացն ու դրական փորձը։ Մասնակիցները ծանոթացան փորձարկման առաջին և երկրորդ փուլերի արդյունքներին՝ քննարկելով նոր մշակված փափուկ հմտությունների մոդուլների և զանգվածային բաց առցանց դասընթացների (MOOC-երի) ներդրումը, դրանց ազդեցությունը ուսանողների ուսումնառության վրա, ինչպես նաև դրանց հետագա կատարելագործման հնարավորությունները։ Դրեզդենի տեխնիկական (TU Dresden), Լապպենրանտայի (LUT), Գրանադայի Դուն Լիրի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիաների (IADT) համալսարանների առաջատար փորձագետները ներկայացրին իրենց գնահատականներն ու առաջարկությունները՝ ուղղված նախագծի կրթական արդյունքների առավել արդյունավետ ամրապնդմանը։

Միջոցառման կարևոր հատվածը նվիրված էր գործընկեր համալսարանների մոդուլների և զանգվածային բաց առցանց դասընթացների (MOOC-երի) համահեղինակների փորձի ներկայացմանը։ Նրանք կիսվեցին փորձարկման փուլերից քաղած դասերով և քննարկեցին բարձրագույն կրթության ուսումնական ծրագրերում փափուկ հմտությունների արդյունավետ ինտեգրման լավագույն փորձը։ Ծրագրում ներառված էր նաև ուսանողների մասնակցությամբ քննարկում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց զբաղվածության ապահովման գործում փափուկ հմտությունների աճող կարևորությանը, գործատուների ակնկալիքներին և տարածաշրջանային զարգացման հարցերին։

Երկրորդ օրը Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ներկայացրին նախագծի շրջանակներում հիմնադրված Փափուկ հմտությունների լաբորատորիաների (Soft Skills Labs) բիզնես-ծրագրերն ու ճանապարհային քարտեզները՝ ներկայացնելով դրանց կայունության ապահովման և երկարաժամկետ ինստիտուցիոնալ ազդեցության ռազմավարությունները։ Առանձին նիստեր նվիրված էին նաև նախագծի մասին տեղեկատվության ու արդյունքների տարածմանը՝ ներառյալ սոցիալական մեդիայում արձանագրված ձեռքբերումները, գիտահետազոտական արդյունքների տարածման աշխատանքները, ինչպես նաև MOOC-երի հիման վրա միկրոորակավորումների (micro-credentials) և հավաստագրման ընթացակարգերի մշակումը։ Միջոցառումն ավարտվեց համակարգման ժողովով, որի ընթացքում նախագծի գործընկերները քննարկեցին նախագծի իրականացման հաջորդ փուլերը և հետագա համագործակցության ուղղությունները։

Տարածաշրջանային իրազեկման օր 2-ը դարձավ փորձի փոխանակման, լավագույն փորձի տարածման և DeSIRe կոնսորցիումի անդամների միջև համագործակցության ամրապնդման հիանալի հարթակ։ Միջոցառումը ևս մեկ անգամ հաստատեց գործընկերների ընդհանուր հանձնառությունը՝ բարձրագույն կրթության որակի բարձրացման ուղղությամբ՝ համալսարանական ուսումնական ծրագրերում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան փափուկ հմտությունների համակարգված ներդրման և Հայաստանում ու Վրաստանում ուսուցման և ուսումնառության նորարարական մոտեցումների խթանման միջոցով։

Previous Article
Next Article