Ռեկտոր Ռ. Սահակյանը հյուրընկալեց արվեստի և սպորտի ամբիոնի դասախոս, նկարիչ Վահան Շահբազյանին
Մարտի 21-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանն ընդունեց համալսարանի արվեստի և սպորտի ամբիոնի դասախոս, նկարիչ Վահան Շահբազյանին, ով մարտի 9-ին Էստոնիայի Տարտու քաղաքում առաջին անգամ հանդես է եկել անհատական ցուցահանդեսով:
Ցուցահանդեսի հրավերը վանաձորցի նկարիչը ստացել էր դեռ երկու տարի առաջ: Նախագիծը իրականություն դարձավ Էստոնիայի ազգային թանգարանի (Eesti Rahva Muuseum) և MellnovFest MTÜ-ի համատեղ ջանքերով:
Վահան Շահբազյանը Ռուստամ Սահակյանի հետ կիսվեց Էստոնիայում ստացած վառ տպավորությունների, ջերմ ընդունելության, ինչպես նաև ապագա պլանների մասին, ռեկտորից լսեց շնորհավորանքի և քաջալերանքի խոսքեր:
Վանաձորցի նկարիչը Տարտուից վերադարձել է ստեղծագործական նոր լիցքերով, անհատական ցուցահանդեսի մասնակցության պատվոգրով, ինչպես նաև «Էստոնիան հայկական ներկապնակում. ոգեշնչում և հուզեր» խորագիրը կրող նկարների կատալոգով, որը Վահան Շահբազյանը մակագրությամբ նվիրեց ռեկտոր Ռուստամ Սահակյանին:
Վանաձորի պետական համալսարանի աշխատակազմը և ուսանողությունը սպասում են տաղանդավոր նկարչի և սիրելի դասախոսի ստեղծագործական նոր նվաճումներին: