SMARTI նախագծի եզրափակիչ համաժողով

SMARTI նախագծի եզրափակիչ համաժողովը տեղի ունեցավ 2024 թվականի նոյեմբերի 26-ից 29-ը Երևանում` Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ): Համաժողովը միավորեց միջազգային և տեղական շահագրգիռ կողմերին՝ խթանելու Եվրոպական և Հայաստանյան բուհերում անգլերենի` որպես դասավանդման միջոցի (EMI) ուսուցումը: Միջոցառումն անցկացվեց առկա և առցանց ձևաչափերով՝ ապահովելով հասանելիություն և գործուն մասնակցություն բոլոր հանդիպումների ընթացքում:

Համաժողովի բացման արարողությունը մեկնարկեց նոյեմբերի 26-ին՝ ողջույնի խոսքերով, որոնք ներկայացրին ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, համաժողովի կազմակերպիչ Մարիամ Մովսիսյանը, Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, SMARTI նախագծի համակարգող Գերարդ Քալենը, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը և ազգային առաջատար գործընկեր Լիանա Վարդանյանը: Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության( EACEA),  Էրազմուս+ ազգային գրասենյակի և Եվրամիության արտաքին գնահատման ներկայացուցիչները կարևորեցին EMI-ի դերը միջազգային համագործակցության խթանման և ակադեմիական չափանիշների բարելավման հարցում:

Օրվա ընթացքում ԵՄ գործընկերները ներկայացրին 1-5 աշխատանքային փաթեթները՝ ընդգծելով նախագծի իրականացման ընթացքում գրանցված ձեռքբերումներն ու դժվարությունները: Հատուկ նիստի ժամանակ հայաստանյան բուհերի ներկայացուցիչները ներկայացրին զեկույցներ իրենց գործունեության ազդեցության վերաբերյալ: Ներկայացումները վերաբերում  էին նվաճած արդյունքներին, ինչպես նաև նոր դասընթացների և մոդուլների մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Հայկական գործընկեր բուհերը՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիան (ՊԿԱ), Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ), Վանաձորի պետական համալսարանը (ՎՊՀ), Գորիսի պետական համալսարանը (ԳՊՀ) և Շիրակի պետական համալսարանը (ՇՊՀ) ներկայացրին EMI-ի զարգացման ուղղությամբ իրենց ձեռքբերումները: Օրվա ավարտին անցկացվեց շրջայց ՀԱԱՀ-ի քաղցրավենիքի և գարեջրի արտադրամասերում, ինչպես նաև նիստ՝ որակի ապահովման և հավատարմագրման թեմայով: Կարևոր իրադարձություններից մեկը եղավ հայկական և եվրոպական բուհերի միջև համագործակցության պայմանագրերի ստորագրումը՝ EMI կենտրոնների կայունությունը նախագծի ավարտից հետո ապահովելու  նպատակով:

Նոյեմբերի 27-ի քննարկումները վերաբերում էին տվյալների հավաքագրմանը և նախագծի եզրափակիչ զեկույցի պատրաստմանը: Օրվա երկրորդ կեսին մասնակիցները շրջայց կատարեցին Գառնու տաճար և Գեղարդի վանք՝ նպաստելով մշակութային փոխանակմանը և ընկերական մթնոլորտի ձևավորմանը:

Նոյեմբերի 28-ը նշանավորվեց «Փոփոխությունները և լավագույն փորձը EMI-ի ոլորտում Եվրոպայում և Հայաստանում» խորագրով նիստով: Բանախոսներից Լուսիկ Վարդանյանը՝ SMARTI նախագծի տեղական համակարգողը, ներկայացրեց «Ակադեմիական հետազոտությունների և գրավոր նյութերի կարևորությունը EMI-ում» զեկույցը՝ ընդգծելով դասախոսների և ուսանողների համար անհրաժեշտ ռեսուրսների կարիքը: Նա նաև կարճ ներկայացրեց  Էրազմուս+ DeSIRe նախագիծը, որը համակարգում է ՎՊՀ-ն:

Ելույթ ունեցան նաև այլ բանախոսներ․ Վիվիեն Վերները Դրեզդենի Տեխնոլոգիական համալսարանից, անդրադարձավ արհեստական բանականության ազդեցությանը EMI-ի ապագայի վրա, իսկ դոկտոր Օդրի Սթենսոնը` Իռլանդիայից, խոսեց հավասարության, բազմազանության և ներառականության մասին: Վերջում պանելային քննարկումների ժամանակ հայ և եվրոպացի կրթական գործիչները կիսվեցին իրենց փորձով և ներկայացրին EMI-ի կիրառման ընդհանուր խնդիրների լուծման ռազմավարությունները:

Համաժողովը եզրափակվեց նոյեմբերի 29-ին՝ SMARTI EMI ձեռնարկի ներկայացմամբ: Ներկայացվեց ձեռնարկի երկու տարբերակ՝ միջազգային համառոտ տարբերակ և Հայաստանի համար հատուկ մշակված ընդարձակ տարբերակ: Միջոցառման ավարտին քննարկվեցին նախագծի ձեռքբերումներն ու EMI նախաձեռնությունների շարունակականության քայլերը:

ՎՊՀ-ից մասնակցում էին ռեկտոր Ռուստամ Սահակյանը, SMARTI ծրագրի տեղական համակարգող Լուսիկ Վարդանյանը, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը և պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ Գոհար Դոխոլյանը և Արինե Դանիելյանը:

Այս համաժողովը կարևորեց EMI-ի փոխակերպող դերը ժամանակակից կրթության մեջ՝ հիմք դնելով միջազգային բարձրագույն կրթության ոլորտում ապագա նորարարությունները ։

Previous Article
Next Article