Շրջայց և լաբորատոր փորձեր ՎՊՀ-ում՝ Վանաձորի №11 ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ
Բուհ-դպրոց կապի շրջանակներում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի, ողնաշարավոր և, անողնաշարավոր կենդանիների լաբորատորիաներում շրջայց իրականացվեց Վանաձորի №11 ավագ դպրոցի 10-րդ բնագիտական դասարանի աշակերտների մասնակցությամբ:
Կենսաբանության ուսուցիչ Հերմինե Հովհաննիսյանի խոսքով՝ աշակերտներն առաջին անգամ էին այցելում Վանաձորի պետական համալսարան: Այցի նպատակն էր ծանոթանալու համալսարանի կառուցվածքին, բնագիտական մասնագիտություններին և ընդունելության կարգին, ինչպես նաև լաբորատոր փորձերի միջոցով ամրապնդել և ավելի հիմնավոր դարձնել տեսական գիտելիքները:
Շրջայցն իրականացրեց և աշակերտներին հուզող հարցերին պատասխանեց քիմիայի և կենսաբանության ամբիոնի լաբորանտ Անուշ Մուրադյանը: Այնուհետև աշակերտները կենսաբանաէկոլոգիական հետազոտությունների լաբորատորիայում դարձան դիտարժան փորձերի մասնակից:
Լաբորատոր փորձերը կատարեց կ.գ.թ., դոցենտ Շուշան Քառյանը, ով նախ աշակերտներին ներկայացրեց տեղեկատվություն արյան խմբերի և ռեզուս-գործոնի մասին, այնուհետև աշակերտների անմիջական մասնակցությամբ որոշվեցին փորձի մասնակիցների արյան խմբերը:
Լաբորատոր հաջորդ փորձի նպատակը էլոդեա ջրային բույսից պատրաստուկի պատրաստումն էր:
Նմանատիպ հանդիպումները բուհում կրում են պարբերական բնույթ և նպատակ ունեն նպաստելու աշակերտների շրջանում բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, ինչպես նաև մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը: