Վանաձորի պետական համալսարանում ազդարարվեց նոր ուսումնական տարվա սկիզբը

  Սեպտեմբերի 1-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում հանդիսավորությամբ ազդարարվեց  2025-2026 ուսումնական տարվա և Գիտելիքի օրվան նվիրված միջոցառման մեկնարկը։ Հնչեցին Հայաստանի Հանրապետության և ՎՊՀ  օրհներգերը։ Ապա երաժշտական կատարմամբ ելույթ ունեցավ Վանաձորի պետական համալսարանի «Բիայնա»  երգչախումբը։

  Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ   ուսանողներին, մանկավարժներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և առանձնահատուկ կերպով առաջին կուրսեցիներին շնորհավորեցին Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոակատար Ռուստամ Սահակյանը, հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա  Բրուտյանը, ուսանողական խորհրդի նախագահ Էրիկ Հարությունյանը, հումանիտար գիտությունների ֆակուլտետի անգլերեն  լեզու և գրականություն մասնագիտության մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտ Արփինե Հակոբյանը: Առաջին կուրսեցիներին իր ողջույնի խոսքը հղեց «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան»  հիմնադրամի քոլեջի ուսանողուհի Ասյա Սահակյանը:

  Ամենաբարձր միավորներով համալսարան  ընդունված հումանիտար գիտությունների ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն մասնագիտության ուսանողուհի Արիանա Խեչումյանը կատարեց երդման արարողությունը և ստացավ խորհրդանշական գիտելիքի բանալին:

  Չխախտելով ավանդույթը՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը ջերմ ընդունելություն ցուցաբերեց առաջին կուրսեցիներին և բուհի ուսանողությանը:

  Սիրելի´ ուսանողներ, թող այս ուսումնական տարին ձեզ համար լինի  ոգեշնչող,  հագեցած՝ բացահայտումներով, ստեղծագործական հաջողություններով ու  հիշարժան ակնթարթներով ։

  Սիրելի´ առաջին կուրսեցիներ, այսօրը ձեր կյանքի նոր ուսումնական փուլի կարևոր և հիշարժան սկիզբն է։ Դուք մասն եք դառնում մի միջավայրի, որտեղ գիտելիքը, ուսումնառությունը և ստեղծարարությունը դառնում են առաջընթացի հիմնական շարժիչ ուժերը։  Մաղթում ենք, որ համալսարանական տարիները դառնան ձեր աճի, ինքնադրսևորման ու երազանքները կյանքի կոչելու ճանապարհ։

Previous Article
Next Article