Սեմինար՝ ավարտական կուրսերի ուսանողների համար
Դեկտեմբերի 18-ին Վանաձորի պետական համալսարանի Smart Café-ում մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի շրջանավարտների հետ աշխատանքների համակարգող մասնագետ Անուշ Սիմիկյանի կողմից կազմակերպվեց սեմինար հումանիտար, բնական և հասարակական գիտությունների ֆակուլտետների ավարտական կուրսերի ուսանողների համար։
Սեմինարի թեման էր «Աշխատանքային պայմանագիր․ աշխատողի և գործատուի իրավունքներն ու պարտականությունները»։ Այն վարեց մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Արփինե Սաղումյանը։
Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան աշխատանքային պայմանագրի բովանդակությանը և դրա հիմնական բաղադրիչներին։ Ներկայացվեցին պայմանագրի առարկան, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի տևողությունը, հանգստի և արձակուրդի կարգավորումները, աշխատանքի վարձատրության ձևերը, ինչպես նաև կողմերի պատասխանատվության հարցերը։ Անդրադարձ կատարվեց նաև աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և դադարեցման գործընթացներին, պայմանագրի գործողության ժամկետին և էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի ներդրման համակարգին։
Սեմինարի նպատակն էր բարձրացնել ուսանողների իրավական իրազեկվածությունը և նպաստել նրանց պատրաստվածությանը ապագա աշխատանքային հարաբերություններում՝ ապահովելով աշխատողի և գործատուի իրավունքների ու պարտականությունների ճիշտ ընկալումը։




