Ռումինիայի Ալեքսանդրու Իոհան Կուզայի անվան համալսարանի աշխատակցի այցը Վանաձորի պետական համալսարան
Վանաձորի Հ․ Թումանյանի անվան համալսարանի և Ալեքսանդրու Իոհան Կուզայի անվան համալսարանի (Ռումինիա) միջև կնքված միջազգային կրեդիտային շարժունության շրջանակներում մայիսի 15-ից մայիսի 19-ը ՎՊՀ-ի գիտահետազոտական, նորարարությունների և համագործակցության բաժնում հյուրընկալվել էր գործընկեր համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դոկտորական դպրոցի աշխատակից Քրիստինա Դանիելա Լուպաշկուն։
Բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը ծանոթացրեց հյուրին համալսարանի ընդհանուր կառուցվածքին, կրթական ծրագրերին, ասպիրանտական կրթության կազմակերպման գործընթացին։ Քրիստինա Լուպաշկուն ներկայացրեց իրենց ֆակուլտետում գործող դոկտորական դպրոցի համակարգման գործընթացը, գործընկեր համալսարանի դոկտորական կրթական ծրագրերը, քննարկվեցին դոկտորական կրթության կազմակերպման գործընթացին վերաբերող այլ հարցեր։
Հյուրը հանդիպումներ ունեցավ նաև ՎՊՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանի, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանի, հասարակագիտական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանի, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանի և հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանի հետ։ ՎՊՀ-ի սերվիս մասնագիտության ուսանողուհի Մարիամ Վերանյանը հյուրին ներկայացրեց Վանաձոր քաղաքի մասին հետաքրքիր տեղեկատվություններ՝ կազմակերպելով շրջայց Վանաձորով։ Լոռու մարզի պատմական հուշակոթողներին ծանոթանալու նպատակով հյուրի համար կազմակերպվեց նաև էքսկուրսիա դեպի Քոբայրի, Հաղպատի և Սանահինի վանական համալիրներ։