Լաբորատոր փորձեր ՎՊՀ-ում՝ Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցի աշակերտների մասնակցությամբ
Բուհ-դպրոց կապի շրջանակներում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի անալիտիկ քիմիայի լաբորատորիայում հյուրընկալվեցին Վանաձորի Րաֆֆու անվան №19 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները՝ քիմիայի ուսուցչուհի Անուշ Բայրամյանի գլխավորությամբ:
Այցի նպատակն էր լաբորատոր փորձերի միջոցով ամրապնդել և ավելի հիմնավոր դարձնել աշակերտների տեսական գիտելիքները: Լաբորատոր փորձերը կատարեց քիմիայի և կենսաբանության ամբիոնի դասախոս Անժելա Հովսեփյանը:
Աշակերտները դարձան դիտարժան փորձերի մասնակից՝ տեսան քայքայման, փոխանակման, տեղակալման ռեակցիաներ: Առավել տպավորիչ էին «Հրաբխի էֆեկտ», «Քիմիական վիրահատություն», «Քիմիական ժամացույց» փորձերը: Աշակերտները բարձրաձայնեցին և ստացան իրենց հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ, ինչպես նաև ցանկություն հայտնեցին հաջորդ այցելության ընթացքում դիտելու «Փարավոնի օձ» և մի շարք այլ լաբորատոր փորձեր:
Բուհ-դպրոց կապի աշխատանքների համակարգող-մասնագետ Աիդա Իսկանդարյանի խոսքով՝ նմանատիպ հանդիպումները բուհում կրում են պարբերական բնույթ և նպատակ ունեն նպաստելու աշակերտների շրջանում բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, ինչպես նաև մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը: