Վանաձորի պետական համալսարանում նշվեց π թվի օրը
Մարտի 16-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ π թվի օրվան և բնական գիտությունների ֆակուլտետի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում։
Միջոցառումը համախմբեց ուսանողներին, դասախոսներին և աշխատակիցներին՝ վերարժևորելով գիտության անփոխարինելի նշանակությունը մարդկության և ժամանակակից աշխարհի զարգացման գործում։
Համալսարանում ձևավորված ավանդույթի համաձայն՝ տոնակատարության նախօրեին ուսանողները կազմակերպել էին հյուրասիրություն՝ համալսարանականներին մատուցելով օրվա խորհուրդը կրող թխվածքաբլիթներ:
Միջոցառման ընթացքում բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողները ներկայացրին հայազգի նշանավոր գիտնականների՝ Վիկտոր Համբարձումյանի, Մայքլ Տեր-Պողոսյանի, Սերգեյ Մերգելյանի, Յուրի Հովհաննիսյանի, Հովհաննես Ադամյանի և այլոց ներդրումները համաշխարհային գիտության ասպարեզում։ Անդրադարձ կատարվեց նաև գիտության և արվեստի անքակտելի կապին․ ներկայացվեցին հետաքրքիր դիտարկումներ երաժշտության, թատրոնի, հայկական գորգարվեստի, ճարտարապետության և խաչքարերի մեջ արտահայտված մաթեմատիկական և ֆիզիկական օրինաչափությունների մասին։
Համալսարանի ռեկտոր, մ․ գ․ դ․ Արմեն Ծատուրյանը շնորհավորեց բնական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին՝ նշելով, որ բնական գիտությունները մարդկության զարգացման ու ժամանակակից աշխարհի ձևավորման հիմնասյուներն են և բարձր գնահատեց ֆակուլտետի դերն ու պատմական ուղին բուհի կայացման ու զարգացման ողջ ընթացքում:
Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆ․մ․գ․թ․, դոցենտ Հերմինե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ֆակուլտետի ուսանողներին ակտիվ մասնակցության համար և ընդգծեց գիտության ու գեղագիտության փոխկապակցվածությունը։ Դեկանը հորդորեց ուսանողներին մշտապես պահպանել հետաքրքրասիրությունը գիտության նկատմամբ, քանի որ մարդկության առաջընթացը հնարավոր է շնորհիվ այդ որոնումների ու բացահայտումների։




