Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումները, սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2024-2025 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար:
Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ներկայացնեն նախարարություն հետևյալ ժամկետներում՝
- անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2024 թ. հունիսի 17—ից մինչև օգոստոսի 23—ը ներառյալ,
- վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ 2024 թ. հունիսի 17-ից մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ,
- վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2024 թ. հունիսի 17-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ,
- վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2024 թ. հունիսի 17-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ,
- վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2024 թ. hունիսի 17-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ
- վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2024 թ. հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ,
- վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2024 թ. հունիսի 17-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ:
Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են`
- դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
- բարձրագույն ուսումնական հաստատության, նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատության կողմից,
- օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում` համաձայն կից ներկայացված ձևի,
- դիմում-հարցաթերթիկ` համաձայն կից ներկայացված ձևի,
- բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
- անձնագրի պատճենը,
- սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը,
- կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
- 3×4 չափսի 4 լուսանկար,
- ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
- հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում (հայերենով, ռուսերենով կամ անգլերենով):
Դիմորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի փաթեթը ոչ ամբողջական կամ թերի լինելու դեպքում դիմորդի փաստաթղթերը չեն ուսումնասիրվելու և վերադարձվելու են դիմորդին։
Դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը վերոնշյալ կետերով (1-9) պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկեն secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։
Գիտելիքի գնահատման ընթացքում դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պարտավոր են նախարարության էլեկտրոնային հասցեին ուղարկած 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն:
Համաձայն փաստաթղթերի ներկայացման ժամկետների՝ դիմումներն ու փաստաթղթերը նախարարությունում ընդունվում են աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն:
2024-2025 ուսումնական տարում օտարերկրյա դիմորդների ընդունելությունն իրականացվելու է բարձրագույն ուսումնական հաստատությունում, նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատությունում լիցենզիայով սահմանված համապատասխան տեղերի առկայության պարագայում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության հետևյալ բաժիններին՝
- սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.+374 10-599-647),
- արտաքին կապերի բաժին (հեռ.+374 10-599-646)։