«Ստեղծագործ մտածողության և խնդիրների լուծման հմտություններ» թեմայով վերապատրաստման սեմինարներ
2025 թվականի նոյեմբերի 20-ին և 21-ին Մարինե Էվոյանը անցկացրեց վերապատրաստումներ՝ նվիրված ստեղծարար մտածողության և խնդիրների լուծման հմտություններին, Էրազմուս+ ծրագրի ՀԳ ԿԲԶԿ Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում (DeSIRe) նախագծի շրջանակում։ Դասընթացներին մասնակցեցին 20 ուսանող և 12 դասախոսական ու վարչական կազմի ներկայացուցիչներ։ Վերապատրաստման նպատակն էր զարգացնել մասնակիցների ստեղծագործ մտածողության և խնդիրների լուծման կարողությունները՝ նրանց ներկայացնելով դիզայն-մտածողության վրա հիմնված մեթոդներ և ինտերակտիվ գործիքներ։
Մասնակիցները ներգրավված էին սառույցկոտրուկ քննարկումների, «Ստեղծագործ կապեր» քարտային խաղի, խմբային քննարկումների և թիմային առաջադրանքների մեջ, որոնք ուղղված էին դիվերգենտ մտածողության խթանմանը և գաղափարների ազատ արտահայտմանը։ Նրանք մասնակցեցին նաև դիզայն մտածողության գործնական վարժություններում, որոնց ընթացքում կիրառեցին «Կարեկցանքի քարտեզ», «Խենթ 8-եր» գաղափարների գեներացման տեխնիկան և արագ նախատիպավորման մեթոդը՝ վերաձևակերպելու որոշ ակադեմիական ու ինստիտուցիոնալ գործընթացներ։ Բացի այդ, իրականացվեցին իրավիճակային վերլուծություններ և դերախաղային վարժություններ, որոնք մոդելավորում էին համալսարանական և մասնագիտական իրական իրավիճակներ՝ ներառյալ հաղորդակցման խնդիրներ, որոշումների կայացման սցենարներ և թիմային աշխատանքի բարդություններ։ Այս վերապատրաստումների արդյունքում մասնակիցները զարգացրին իրենց ստեղծագործական կարողությունները ու համագործակցության հմտությունները, ինչպես նաև քննարկեցին և մշակեցին խնդիրների լուծման նորարական և ստեղծագործ մոտեցումներ և դրանց ինտեգրման հնարավորությունները ուսումնառության, դասավանդման, հաղորդակցության և կառավարման պրակտիկայում։
Երկու դասընթացներն էլ ստեղծեցին ներգրավող և մոտիվացիոն ուսուցողական միջավայր՝ զգալիորեն նպաստելով համալսարանական համայնքում փափուկ հմտությունների, նորարարության և համագործակցության մշակույթի ամրապնդմանը։




