«Արդյունավետ գործարար հաղորդակցություն և բանակցային հմտություններ» թեմայով ներբուհական վերապատրաստում

2025 թվականի նոյեմբերի 17-ին և 19-ին  Էրազմուս+ ծրագրի DeSIRe նախագծի շրջանակում Վանաձորի պետական համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի ավագ դասախոս Արինե Դանիելյանը ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար անցկացրեց վերապատրաստումներ՝ «Արդյունավետ գործարար հաղորդակցություն և բանակցային հմտություններ» թեմայով։     

Սեմինարներն  ուղղված էին հաղորդակցական հմտությունների, բանակցային կարողությունների, բախումների լուծման մոտեցումների և զգացական բանականության զարգացմանը։

Ուսանողների համար նախատեսված սեմինարը ներառում էր հաղորդակցության հիմնական բաղադրիչները՝ բանավոր և ոչ բանավոր արտահայտում, ուշադրությամբ լսելու կարևորություն, լսարանի բնույթի ըմբռնում և հաղորդագրության համապատասխանեցում, ինչպես նաև բանակցությունների հիմնական սկզբունքների մեկնաբանություն։ Դասընթացի ընթացքում ուսանողները մասնակցեցին տարբեր փոխներգործուն վարժությունների՝ ծանոթության խաղերի, ոչ բանավոր հաղորդակցության վարժությունների, կարճ բանակցային դերախաղերի և խմբային անդրադարձների։ Այս մոտեցումները նպաստեցին համագործակցության ամրապնդմանը, ինքնավստահության բարձրացմանը և տեսական գիտելիքների գործնական կիրառմանը։ Ուսանողների աշխույժ մասնակցությունը վկայում էր մեթոդների արդյունավետության մասին։

Պրոֆեսորադասախոսական և ակադեմիական անձնակազմի համար նախատեսված սեմինարը  նպատակ ուներ կատարելագործելու հաղորդակցությունը համալսարանական միջավայրում, զարգացնելու արդյունավետ բանակցային գործընթացներ, լուծելու ուսումնական գործունեության ընթացքում առաջացող վեճերն ու անհամաձայնությունները, ինչպես նաև ձևավորելու հստակ և հասկանալի բանավոր ու գրավոր հաղորդագրություններ։ Մասնակիցների համար կազմակերպվեցին ծանոթության շարժուն խաղեր, իրական ակադեմիական իրավիճակների վերլուծություններ, խմբային բանակցային առաջադրանքներ և ոչ բանավոր գնահատման վարժություններ։ Այս մեթոդները նպաստեցին մասնագիտական ինքնավերլուծության խթանմանը, համագործակցության բարելավմանը և հաղորդակցական հմտությունների խորացմանը։  

Ընդհանուր առմամբ երկու սեմինարներն էլ տվել են տեսանելի արդյունքներ։ Մասնակիցները զարգացրել են իրենց հաղորդակցական և բանակցային հմտությունները, խորացրել միջանձնային գործընթացների ըմբռնումը և ավելի պատրաստակամ դարձել` կիրառելու ձեռք բերած կարողություններն իրենց ուսումնական և աշխատանքային գործունեության մեջ։ Տեսական նյութի, գործնական վարժությունների և ստեղծարար մեթոդների համադրությունը ձևավորեց արդյունավետ, հետաքրքիր և ներգրավող ուսումնական միջավայր, որը նպաստեց մասնակիցների անձնական և մասնագիտական աճին։                                                                                                                                                

Previous Article
Next Article