Ամփոփվեց «Մրցունակ գիտելիքի ծրագիր» դասընթացի երկրորդ փուլը
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Smart Cafee-ում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Մրցունակ գիտելիքի ծրագիր» դասընթացի երկրորդ փուլի ամփոփումը: Դասընթացը կայացել էր 2023թ. ապրիլի 3-ից հունիսի 15-ը:
Ամփոփիչ հանդիպմանը ներկա էին համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, դասընթացի մասնակից ուսանողները, կամավորները, ծրագրի դասընթացավարները:
Smart Caffe-ի համակարգող Գոհար Դոխոլյանը նախ շնորհավորեց ներկաներին՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ՝ նշելով, որ մասնակիցները ձեռք բերեցին բիզնես ոլորտին առնչվող արժեքավոր գիտելիքներ ու հմտություններ, որոնք օգտակար կլինեն նրանց բիզնես գաղափարների իրականացման հարցում։ Նա նաև տեղեկացրեց, որ ս/թ սեպտեմբերի 25-ից կմեկնարկի «Մրցունակ գիտելիքի ծրագիր» դասընթացի վերջին՝ երրորդ փուլը:
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը շնորհավորեց և մասնակցության վկայականներ հանձնեց «Մրցունակ գիտելիքի ծրագիր» դասընթացի մասնակիցներին: Վկայականներ ստացան նաև SMART CAFFE-ում կամավորություն իրականացրած ուսանողները: Պարոն Սահակյանը հորդորեց ներկաներին ցուցաբերել նախաձեռնողականություն և առավել մեծ ակտիվությամբ ներգրավվել SMART CAFFE-ում իրականացվող միջոցառումներին։
Գոհար Դոխոլյանը տեղեկացրեց, որ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ համատեղ առաջիկայում կկայանա “Digital Business” («Թվային բիզնես») խորագրով ազգային մրցույթը, որին Վանաձորի պետական համալսարանը կարող է ներկայանալ մինչև 12 բիզնես-ծրագրով: Մրցույթին ակտիվ մասնակցություն ունենալու նպատակով ՎՊՀ-ի SMART CAFFE-ում պարբերաբար տեղի կունենան հանդիպումներ նախագծի վերապատրաստված դասախոսների հետ, որոնք կաջակցեն ուսանողներին պատշաճ կերպով ներկայացնելու իրենց բիզնես գաղափարները։