Միջազգային համագործակցության նոր հորիզոններ. ՎՊՀ-ն ընդլայնում է գործընկերային կապերը

2026 թվականի մարտի 19-ին Ուժգորոդ քաղաքում (Ուկրաինա)  Անդրկարպատյան մարզային խորհրդի «Մշակույթի և արվեստի ակադեմիա»-ի կողմից կազմակերպված III միջազգային գիտագործնական գիտաժողովին ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր, մ․գ․դ․, ՀՀ վաստակավոր մանկավարժ Արմեն Ծատուրյանը։

«Արվեստագիտության, կրթության և ստեղծագործության փոխգործակցությունը Ուկրաինայում և համաշխարհային մշակութային հարթակում» խորագիրը կրող գիտաժողովը միտված էր միջազգային հարթակում արվեստի և կրթության վերափոխումների, սոցիալ-մշակութային կառավարման և միջառարկայական կապերի ամրապնդմանը:

Մասնակցությունն իրականացվեց 2026 թ. հունվարին ՎՊՀ-ի և Ուկրաինայի Անդրկարպատյան մարզային խորհրդի «Մշակույթի և արվեստի ակադեմիա»-ի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։

Ռեկտորն իր ուղերձում նշեց, որ նման համաժողովներըը ստեղծում են հարթակ, որտեղ գիտությունը և ստեղծագործական պրակտիկան միավորվում են սահմաններից անդին՝ նպաստելով մշակութային ու սոցիալական խնդիրների համատեղ լուծմանը։ «Վանաձորի պետական համալսարանը բարձր է գնահատում համագործակցությունը ուկրաինացի գործընկերների հետ և շարունակելու է խթանել ու զարգացնել այն տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակներում։ Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին և տարածաշրջանային իշխանություններին այս կարևոր միջոցառումը կյանքի կոչելու, ինչպես նաև մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում յուրաքանչյուր մասնակցի՝ դրա հաջողությանը նպաստելու համար», — նշված էր ռեկտորի ելույթում:

Միջազգային գիտաժողովին մասնակցեց նաև ՎՊՀ-ի միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար Գոհար Դոխոլյանը, ով փաստեց, որ երկու բուհերի միջև ակնկալվում է հետագա արդյունավետ համագործակցություն գիտամանկավարժական և գիտամշակութային համատեղ ծրագրերի իրականացման ասպարեզում։

Previous Article
Next Article