Միջազգային ամառային գիտական ճամբարի ամփոփիչ օրը ՎՊՀ-ում
Հուլիսի 10-ին Վանաձորի պետական համալսարանում կայացավ միջազգային ամառային գիտական ճամբարի ամփոփիչ օրը։
Օրը մեկնարկեց զեկույցներով։ ՎՊՀ ռեկտոր, մ․գ․դ․ Արմեն Ծատուրյանը ներկայացրեց «Ադիաբատ ինվարիանտի կիրառումը միգրացիոն պրոցեսների մոդելավորման մեջ» թեմայով զեկույցը։ Այնուհետև հայ և արտասահմանցի մասնակիցները ներկայացրին սոցիալական կայունության և հասարակական փոխակերպումների վերաբերյալ զեկույցներ՝ անդրադառնալով միգրացիային, փախստականների սոցիալական ինտեգրմանը, սոցիալական աշխատանքի արդիական խնդիրներին, մշակութային ինքնության պահպանմանը, հյուրընկալության սոցիալական նշանակությանը, ինչպես նաև ավանդական հասարակություններում կանանց դերի փոխակերպմանը։
Ճամբարի շրջանակում տեղի ունեցավ նաև հանդիպում գործընկեր բուհերի ներկայացուցիչների միջև. Դարմշտադտի կիրառական գիտությունների ավետարանչական համալսարանի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լեոնի Համերլան և պրոֆեսոր Մարինա Մեցը հանդիպեցին ՎՊՀ միջազգայնացման գծով ռեկտորի խորհրդական Լուսիկ Վարդանյանի և միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման ու հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար Գոհար Դոխոլյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու համալսարանների հետագա համագործակցության և նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Օրվա ամփոփիչ հատվածում անդրադառնալով ճամբարային օրերին՝ մասնակիցները թղթին հանձնեցին ստացած գիտելիքներն ու վառ տպավորությունները։
Այնուհետև տեղի ունեցավ միջազգային գիտական ճամբարի փակման և հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Ամփոփիչ խոսքով ելույթ ունեցան ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանը և գիտահետազոտական աշխատանքների և նորարարությունների բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը։
Այսպիսով, ավարտվեց Վանաձորի պետական համալսարանում անցկացված միջազգային գիտական ճամբարը՝ մասնակիցներին թողնելով նոր գիտելիքներ, միջազգային համագործակցության փորձ և մասնագիտական ու ընկերական նոր կապեր։



