Մեկնարկեց «Ուսանողական գարուն» -2024 ամենամյա փառատոնը
Մայիսի 10-ին Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում ՀՀ պետական օրհներգի և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հնչյունների ներքո ազդարարվեց «Ուսանողական գարուն» -2024 ամենամյա փառատոնի բացման արարողության մեկնարկը:
«Ուսանողական գարուն» փառատոնը կազմակերպվում է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի նախաձեռնությամբ և միտված է ուսանողների գեղարվեստական դաստիարակությանը, ինչպես նաև մշակութային գործունեության ակտիվացմանը: Փառատոնի նպատակն է հայտնաբերել, խրախուսել և աջակցել շնորհալի ուսանողներին, նպաստել նոր սերնդի և քաղաքացու գեղագիտական ճաշակի ձևավորմանը:
«Ուսանողական գարուն» -2024 ամենամյա փառատոնին մասնակցում են ուսանողներ ինչպես Լոռու մարզի, այնպես էլ Շիրակի, Գավառի, Իջևանի և Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններից և քոլեջներից:
Փառատոնի մասնակիցներին, ուսանողներին, հյուրերին ողջունեց Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական, մեր համալսարանի դասախոս Արման Բերնեցյանը, ով ուրախություն հայտնեց, որ արդեն երրորդ տարին անընդմեջ փառատոնը կազմակերպվում է՝ վերակենդանացնելով տարիների ավանդույթը:
Բացման ելույթներին հաջորդեցին մասնակիցների կատարումները՝ տարբեր անվանակարգերում: Պարարվեստ և թատերարվեստ անվանակարգերի մասնակից ուսանողներըն արդեն հանդես եկան Վանաձորի պետական համալսարանի դահլիճի բեմում:
Փառատոնի լավագույն մասնակիցներին կընտրի ժյուրիի պրոֆեսիոնալ կազմը: «Ուսանողական գարուն»-2024 փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը՝ 17:00-ին, Վանաձորի Black Hall ռեստորանում: