«Հավասարություն, բազմազանություն և ներառականություն» թեմայով սեմինար

Վանաձորի պետական համալսարանը շարունակում է ընդլայնել իր ներառական կրթական քաղաքականությունը՝ առաջնորդվելով ժամանակակից միջազգային փորձով։ 2025թ.-ի մայիսի 19-ին և 21-ին համալսարանում անցկացվեցին երկու կարևոր սեմինարներ՝ նվիրված կրթական համակարգում բազմազանության և ներառականության խթանմանը։

Սեմինարներն անց կացրեց Վանաձորի պետական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր, Էրազմուս+ DeSIRe նախագծի անդամ՝  Լուսինե Կոստանդյանը։

Սեմինարների  անցկացման նպատակն է Գերմանիայի Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում իրականացված վերապատրաստման արդյունքում ձեռքբերած փորձի ու գիտելիքների փողանցումը:

Համառոտ ներկայացնենք սեմինարների մանրամասները

Մայիսի 19-ին ներկայացվեցին հիմնական փափուկ հմտությունները, որոնք անհրաժեշտ են ակադեմիական և սոցիալական միջավայրերում ներառականության, բազմազանության և անձնական պատասխանատվության դերի ըմբռնման համար: Սեմինարին մասնակիցները ներգրավվեցին գործնական և թիմային աշխատանքների մեջ։

Մայիսի 21-ին դասախոսական և վարչական անձնակազմի համար նախատեսված սեմինարի շրջանակում քննարկվեցին բարձրագույն կրթության կառավարման և ուսուցման գործընթացում ներառականության կիրառման մեթոդները։ Լ.Կոստանդյանը ներկայացրեց Դրեզդենի համալսարանի փորձը և առաջարկեց լուծումներ ՎՊՀ համատեքստում։

Երկու սեմինարներն էլ աչքի ընկան ինտերակտիվությամբ․ իրականացվեցին իրավիճակային վարժություններ, դերային խաղեր և բաց քննարկումներ։ Գործնական հատվածները անցկացվեցին երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն՝ ապահովելով մասնակցության հասանելիությունը բոլոր մասնակիցների համար։

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ էր ՎՊՀ-ում ներառական մշակույթի խորացման ուղղությամբ։ Սեմինարները ոչ միայն բարձրացրեցին իրազեկվածությունը, այլև նպաստեցին կոնկրետ հմտությունների ձևավորմանը՝ միավորելով միջազգային փորձն ու տեղական իրողությունները։

Լուսինե Կոստանդյանի կողմից իրականացված սեմինարները կարող են ծառայել որպես հաջողված օրինակ՝ բարձրագույն կրթության համակարգում ներառականության և բազմազանության սկզբունքների իրականացման համար։