Մասնագիտական կողմնորոշման հանդիպում՝ Վանաձորի պետական համալսարանում
2026 թ․ հունվարի 23-ին մասնագիտական կողմնորոշման շրջանակներում Վանաձորի պետական համալսարան այցելեցին Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 25 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները՝ ուսուցիչներ Լուսինե Սոխակյանի և Նաիրա Սարգսյանի ուղեկցությամբ։
Բուհ-դպրոց կապերի համակարգող-մասնագետ Աիդա Իսկանդարյանը աշակերտներին ներկայացրեց ընդունելության կարգը, առկա և հեռակա ուսուցման համակարգերի մասնագիտությունները, շնորհվող որակավորումները, կրթական շարժունության ծրագրերը և ուսման վարձի զեղչերի ճկուն համակարգը։ Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում․ աշակերտները դիտեցին տեսանյութ ՎՊՀ-ի մասին, ծանոթացան համալսարանի ընձեռած տարաբնույթ հնարավորություններին և ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։
Այնուհետև շրջայց կատարեցին համալսարանի քիմիայի և կենսաբանության ամբիոնի լաբորատորիաներում, ծանոթացան ժամանակակից սարքավորումներին և փորձարարական-հետազոտական աշխատանքների իրականացման պայմաններին։ Շրջայցը շարունակվեց համալսարանի գրադարանում և մեդիալաբում, որտեղ ներկայացվեցին տեղեկատվական ռեսուրսները, ուսումնական գործընթացին աջակցող նորարարական հնարավորությունները։


