Վանաձորի պետական համալսարանը մեկնարկել է մասնագիտական կողմնորոշման հանդիպումները հանրակրթական դպրոցներում
Մեկնարկել են բուհ–դպրոց համագործակցության շրջանակներում Վանաձորի պետական համալսարանի ներկայացուցիչների այցերը հանրակրթական դպրոցներ։ Հանդիպումների նպատակն է նպաստել ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը, նրանց ծանոթացնել համալսարանի կրթական հնարավորություններին։
Այցելությունների մեկնարկը տրվել է ՎՊՀ Զորիկ Գևորգյանի անվան հենակետային վարժարանից, որտեղ համալսարանի աշխատանքային խումբը՝ ի դեմս ՎՊՀ ռեկտոր, մ․գ․դ․ Արմեն Ծատուրյանի, հանդիպել է աշակերտների և մանկավարժական անձնակազմի հետ, ներկայացրել համալսարանի կառուցվածքը, մասնագիտությունները, ընդունելության կարգը, բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերը, վարձավճարները, զեղչային համակարգը, ինչպես նաև համալսարանում գործող շարժունության ծրագրերը։ Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված էին ռեկտորի խորհրդական Գարեգին Քարհանյանը, գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար, կ․գ․թ․ Արմենուհի Հարությունյանը, բուհ-դպրոց կապի համակարգող-մասնագետ Աիդա Իսկանդարյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․ Հերմինե Բաբուռյանը։
Համագործակցության շրջանակներում առաջիկայում նախատեսվում են այցելություններ նաև Վանաձորի, Լոռու և հարակից մարզերի մի շարք դպրոցներ՝ ընդլայնելով համագործակցության շրջանակը և ընդգրկելով ավելի մեծ թվով աշակերտների։



