Աշակերտները՝ բուհական միջավայրում. ՎՊՀ-ում շարունակվում են մասնագիտական կողմնորոշմանն ուղղված այցերը
Բուհ-դպրոց համագործակցության շրջանակում Վանաձորի պետական համալսարանը շարունակում է ընդունել քաղաքի տարբեր դպրոցների աշակերտների, որոնք հնարավորություն են ունենում մասնակցելու բուհական դասախոսությունների։
Մարտի 10-ին Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի աշակերտները ուսուցչուհի Մոնիկա Նալբանդյանի հետ այցելել են համալսարան։ Նրանք ունկնդրել են «Կոնֆլիկտային հոգեբանություն» և «Գործաբանություն» առարկաների դասախոսությունները, որոնք վարել են մանկավարժության ամբիոնի դոցենտ, հ․գ․թ․ Հայկ Ավագիմյանը և օտար լեզուների ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Լուսիկ Վարդանյանը։
Մարտի 20-ին Վանաձորի թիվ 17 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները ուսուցչուհի Արմինե Եփրեմյանի ուղեկցությամբ այցելել են համալսարան և մասնակցել «Քրեական իրավունք» առարկայի գործնական դասընթացին, որն անցկացրել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս Տարոն Թադևոսյանը:
Նմանատիպ ճանաչողական այցերը կարևոր նշանակություն ունեն աշակերտների մասնագիտական կողմնորոշման հարցում և հնարավորություն են տալիս նրանց անմիջականորեն ծանոթանալու բուհական միջավայրին և տարբեր մասնագիտություններին։
