Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի 2024-2025 ուստարվա շրջանավարտ մագիստրոսների ձեռնադրման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը՝ Սանահին վանական համալիրում
Հուլիսի 16-ին Սանահին վանական համալիրի Գրիգոր Մագիստրոս Պահլավունու անվան ճեմարանում տեղի ունեցավ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի 2024-2025 ուստարվա շրջանավարտ մագիստրոսների ձեռնադրման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը :
Ներկա էին համալսարանի, համայնքային իշխանության և հոգևոր դասի ներկայացուցիչներ։
Միջոցառման սկիզբն ազդարարվեց ՎՊՀ «Բիայնա» երգչախմբի հոգևոր երգերի կատարումներով։
Օրհնության խոսքով հանդես եկավ Սանահին վանական համալիրի վանահայր Տեր Մասիս քահանա Առաքելյանը:
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտություննեի դոկտոր, պրոֆեսոր Ռ․ Սահակյանը։ Նա ջերմորեն շնորհավորեց շրջանավարտ մագիստրոսներին այս նշանակալից օրվա կապակցությամբ և մաղթեց, որ ստացած գիտելիքները և հետագայում կատարելիք արդար գործունեությունն ուղղեն մեր պետության զարգացմանն ու հայրենիքի բարգավաճմանը։
Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը ևս շնորհավորեց շրջանավարտներին․ «Վստահ եմ որ այս հոգևոր մեծ նշանակություն ունեցող վայրում նման կարևոր իրադարձությանը ներկա լինելը ձեր մեջ իսկապես մեծ պատասխանատվություն է ծնելու և վաղը դուք դառնալու եք Հայաստանի հանրապետության զարգացման հիմնասյուները։ Այն հիմնարար կրթությունը, որ ստացել եք բուհում, թող լինի այն մեծ ներդրումը, որ լուսավորելու է ձեր ապագան։ Ժամանակակից աշխարհում ամենակարևորը շարունակական կրթությունն է, ուրեմն՝ երբեք չդադարե՛ք սովորելուց, ձե՛ռք բերեք նոր գիտելիքներ, մասնագիտական աճ, ներուժ և ներդրե՛ք մեր պետության կայացման գործում»։
Նաիրա Բարիկյանը շնորհակալություն հայտնեց բուհին՝ այս իրադարձության հոգևոր ընկալման և գեղեցիկ մատուցման համար։
Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը ևս իր ելույթում շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը այս նախաձեռնության՝ մագիստրոսների ձեռնադրումը Սանահին վանական համալիրում կատարելու համար և շնորհավորեց շրջանավարտներին․ «Հայկական կրթությունը հայկական համալսարանում չէր կարող իր թիկունքում չզգալ մեր մի քանի հազարամյա կրթության ժառանգականությունը, ուստի՝ սա նոր ուժ ու ոգևորություն է տալու ձեզ, որպեսզի ձեր ստացած գիտելիքները ծառայեցնեք հանրության, հայրենիքի և ձեր քաղաքի զարգացմանը»։
Մագիստրոսների ձեռնադրման և դիպլոմների հանձնման արարողությունն իրականացրին համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռ․ Սահակյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ․ Կոստանդյանը և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հ․ Պապոյանը ։
Միջոցառումը եզրափակվեց մագիստրոսների երդման արարողությամբ։


















