Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի 2023-2024 ուստարվա շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը Սանահին վանական համալիրում
Հուլիսի 18-ին տեղի է ունեցել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի 2023-2024 ուստարվա շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը Սանահին վանական համալիրի Գրիգոր Մագիստրոս Պահլավունու անվան ճեմարանում: Ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանըՙ համայնքային իշխանության և հոգևոր դասի ներկայացուցիչներ։
Արաքսիա Սվաջյանը, որը նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, շնորհավորել է շրջանավարտներին. «Այսօր ձեր կյանքի կարևոր շրջափուլի ավարտն է, բայց նաև մի նոր՝ ավելի կարևոր փուլի սկիզբը։ Ձեր մասնագիտության շրջանակում ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները ծառայեցրեք՝ ի նպաստ մեր երկրի հզորացման։ Մենք տարբեր ոլորտներում բազմաթիվ մասնագետների կարիք ունենք, և յուրաքանչյուրիս ներդրումը կարևոր է պետության զարգացման գործում»։
Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ միջոցառման անցկացումն այնպիսի խորհրդանշական վայրում, ինչպիսին Գրիգոր Մագիստրոսի ճեմարանն է, պարտավորեցնում է առավել պատասխանատու մոտենալ այն աշխատանքին, որով զբաղվելու են ապագայում։ Նա շնորհավորել է նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմին ու ծնողներին, իսկ շրջանավարտներին մաղթել է հաջողություն և ինքնաբավություն ընտրած ոլորտում։
Բուհի ռեկտոր Ռուստամ Սահակյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով և նշել, որ խորհրդանշական վայրն ընտրվել է՝ ևս մեկ անգամ ընդգծելու կրթության դերը պետության և հասարակության համար։
Միջոցառման ընթացքում մագիստրոսի որակավորում է շնորհվել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի՝ այս ուստարվա 49 շրջանավարտի։