Լաբորատոր փորձեր ՎՊՀ-ում՝ Վանաձորի №24 միջնակարգ դպրոցի աշակերտների մասնակցությամբ
Բուհ-դպրոց կապի շրջանակներում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի կենսաբանաէկոլոգիական հետազոտությունների լաբորատորիայում դիտարժան փորձերի մասնակից դարձան Վանաձորի №24 միջնակարգ դպրոցի համակցված կենսաբանության խմբակի աշակերտները՝ կենսաբանության ուսուցիչ Շողիկ Առուշանյանի գլխավորությամբ:
Լաբորատոր առաջին փորձը կատարեցեց կ.գ.թ., դոցենտ Գայանե Սահակյանը: Թեման էր՝ «Տուրգոր և պլազմոլիզ», որի ընթացքում սոխի անտոցիանով ներկված թաղանթի վրա աշակերտները մանրադիտակով դիտեցին պլազմոլիզի երևույթը՝ ջրով և աղաջրով լուծույթների կիրառման դեպքում և ցիտոպլազմայում տեղի ունեցող փոփոխությունները:
Լաբորատոր երկրորդ փորձը կատարեց կ.գ.թ., դոցենտ Շուշան Քառյանը, ով նախ աշակերտներին ներկայացրեց տեղեկատվություն արյան խմբերի, համատեղելիության, ռեզուս-գործոնի, ագլյուտինոգեն-ագլյուտինին փոխազդեցության մասին, այնուհետև աշակերտների անմիջական մասնակցությամբ որոշվեցին փորձի մասնակիցների արյան խմբերը:
Լաբորատոր փորձերի ժամանակ ՎՊՀ «Կենսաբանություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողներ Տաթևիկ Մանուկյանն ու Արևիկ Սարգսյանը օգնեցին արդյունավետ կազմակերպել և իրականացնել գործընթացը, ուղղորդեցին աշակերտներին՝ օգտվելու մանրադիտակից և այլ անհրաժեշտ սարքավորումներից:
Այնուհետև բուհ-դպրոց կապի մասնագետ Աիդա Իսկանդարյանը մասնագիտական կողմնորոշման նպատակով աշակերտներին ներկայացրեց բուհի առկա և հեռակա ուսուցման համակարգի մասնագիտությունները: Նրա խոսքով՝ նմանատիպ հանդիպումները բուհում կրում են պարբերական բնույթ և անցկացվում են արդեն շուրջ տասը տարի: