Վանաձորի պետական համալսարանում կայացավ Erasmus+ ծրագրի DeSIRe նախագծի «Ազգային իրազեկման օր» միջոցառումը

2025թ. սեպտեմբերի 25-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում հաջողությամբ իրականացվեց «Ազգային իրազեկման օր» (NAD2) միջոցառումը ՝ Էրազմուս+ կարողությունների զարգացման DeSIRe նախագծի շրջանակում։ 

Միջոցառումը միավորեց ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, տեղական իշխանությունների ներկայացուցիչների, գործատուների և նախագծի ասոցացված գործընկերների՝ ստեղծելով հարթակ նախագծի նպատակների, ընթացիկ գործունեությունների և արդյունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար։ Միջոցառումը նաև ընդգծեց երիտասարդության ներգրավման և կարողությունների զարգացման նախաձեռնությունների կարևորությունը բարձրագույն կրթության ոլորտում՝ ամրապնդելով նախագծի տեսլականը՝ խթանելու համապարփակ և նորարարական ուսուցման միջավայրեր։

  Միջոցառումը վարեցին  համալսարանի  ուսանողներ  Զեմֆիրա  Բեգլարյանը և Կարինե Մխիթարյանը, ինչը ևս մեկ անգամ վկայեց ուսանողների ակտիվ մասնակցության մասին նախագծի հետ կապված նախաձեռնություններին։

  Այնուհետև  ցուցադրվեց սեպտեմբերի 23-ին Վանաձորի պետական համալսարանի և ՀԿ Կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված ֆլեշմոբի տեսանյութը, որը ներկայացրեց երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպված աշխույժ միջոցառում:

  Միջոցառումը մեկնարկեց ՎՊՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը, ով կարևորեց միջազգային համագործակցությունը, արդյունավետ գործընկերությունը համալսարանների, համայնքների և գործատուների միջև, փափուկ հմտությունների վրա հիմնված ուսանողակենտրոն ուսուցումը, որոնք բարելավում են ուսանողների կարիերայի հեռանկարները և նրանց մրցունակությունը դինամիկ աշխատաշուկայում:

  Վանաձորի համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանն  ընդգծեց բարձրագույն կրթության դերը տարածաշրջանային զարգացման գործում և կարևորեց կրթական նախաձեռնությունների ազդեցությունը մարզի աճի վրա։

  Ողջույնի խոսքերից հետո  DeSIRe նախագծի համակարգող Լուսիկ Վարդանյանը ներկայացրեց կարճ ելույթ՝ ամփոփելով նախագծի նպատակները, աշխատանքային փաթեթներն ու ակնկալվող արդյունքները։ Նրա խոսքում առանձնահատուկ շեշտ դրվեց փափուկ հմտությունների ամրապնդման, համապարփակ ուսուցման միջավայրերի ստեղծման և գործընկեր հաստատություններում նորարարական մոտեցումների խթանման վրա։

  Ուսանողակենտրոն մյուս նախաձեռնություններից մեկը՝ սեպտեմբերի 22-ին կազմակերպված քայլարշավը, ներկայացվեց տեսանյութի միջոցով՝ ցույց տալով, թե ինչպես է նախագիծը խթանում համագործակցությունը և թիմային աշխատանքը:

DeSIRe նախագծի համահամակարգող Գոհար Դոխոլյանը ներկայացրեց նախագծի ԵՄ, հայաստանյան և վրաց գործընկեր հաստատություններում իրականացված առդեմ և առցանց վերապատրաստումների ամփոփ հաշվետվությունը:

Միջոցարման ընթացքում ցուցադրվեց նաև նախագծի շրջանակում վերապատրաստված դասախոսների պատրաստած տեսանյութը, որը ընդգծում էր նրանց կողմից ձեռք բերված փորձն ու հմտությունները:

Միջոցառումն ավարտվեց պանելային քննարկմամբ, որը վարեց Վանաձորի պետական համալսարանի որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը։ Քննարկումը, որին մասնակցեցին ուսանողներ, ակադեմիական անձնակազմ, գործատուներ և ասոցիացված գործընկերներ, շեշտեց  DeSIRe  նախագծի գործնական ազդեցությունը, դրա կարևորությունը բարձրագույն կրթության բարեփոխումների համար և բուհերի ու աշխատաշուկայի միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Հաջորդած հարցուպատասխանի ընթացքում մասնակիցներին տրվեց հնարավորություն արտահայտելու տեսակետներ, հարցեր բարձրացնելու և առաջարկություններ ներկայացնելու՝ ապահովելով շահառուների միջև ինտերակտիվ երկխոսություն։

Միջոցառումը ստեղծեց արժեքավոր հարթակ՝ երկխոսության, գիտելիքների փոխանակման և համագործակցության համար։

Previous Article
Next Article