ՎՊՀ-ի և «Ինստիգեյթ մոբայլ»-ի համատեղ նախաձեռնությամբ համալսարանում բացվեց «Գերազանցության կենտրոն»
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության հետ համագործակցության շրջանակում բացվեց «Գերազանցության կենտրոն»:
«Ինստիգեյթ մոբայլ»-ն իրականացնում է աշխարհի առաջատար ընկերությունների ծրագրային ապահովման և ինժեներական գաղափարները՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Ավելի քան 12 տարի ընկերությունը ծրագրեր է իրականացնում Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում՝ ունենալով 100֊-ից ավելի պատվիրատուներ։ Ընկերության գլխավոր գրասենյակը Երևանում է, ունի մասնաճյուղեր նաև Վանաձորում, Գորիսում, Ստեփանակերտում, Կապանում, Գյումրիում, ինչպես նաև ներկայացուցչություններ՝ Գերմանիայում, ԱՄՆ-ում։ Ընկերությունն ունի մոտ 270 աշխատակից, որից 80-ը՝ Վանաձորում:
Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը ողջույնի խոսքում նշեց, որ «Գերազանցության կենտրոնը» շուրջ չորս տարվա համագործակցության արդյունքում ծնված ձեռքբերում է, ՎՊՀ ռազմավարության կարևորագույն կետերից մեկի իրագործումը, այն է՝ ապահովել կապը գործատուների հետ: Ռեկտորը հույս հայտնեց, որ այս օրինակը վարակիչ կլինի նաև այլ գործատուների համար, և համալսարանի շրջանավարտներն առավել ինքնավստահ և գործնական գիտելիքներով զինված մուտք կգործեն աշխատաշուկա:
Ելույթով հանդես եկավ նաև «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության համահիմնադիր և տնօրեն Արտակ Չոփուրյանը: Վերջինս կարևորեց բարձրագույն կրթական հաստատության և մասնավոր ընկերության համագործակցությունը՝ աշխատաշուկայի խնդիրներն առավել թիրախավորված լուծելու տեսանկյունից:
«Ինստիգեյթ մոբայլ» ընկերության ծրագրերի ղեկավար Նելսոն Մամուլյանի խոսքով՝ կենտրոնը գործում է շուրջ մեկ տարի, շուտով կթողարկի առաջին շրջանավարտներին: Ուսանողների երկրորդ փուլի հայտագրումը կլինի դեկտեմբերին:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը և «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանը կտրեցին ժապավենը՝ ազդարարելով նորամուտը: