Ինքնակառավարման օր՝ Վանաձորի պետական համալսարանում
Որպես Ուսանողների միջազգային օրվա շարունակություն՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Ինքնակառավարման օր: Նպատակն էր ուսանողներին ծանոթացնել համալսարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների աշխատանքային մեկ օրվան՝ իրավունքներ, պարտականություններ, աշխատանքի նրբություններ:
Ռեկտոր Ռուստամ Սահակյանի նախաձեռնությամբ և Ուսանողական խորհրդի միջոցով համապատասխան հաստիքացուցակը ներկայացվել է ուսանողներին, որոնք ընտրել են իրենց հետաքրքրող հաստիքը:
«Սերվիս» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Զարուհի Չատինյանին, օրինակ, հետաքրքրում էր դեկանի աշխատանքային առօրյան: Զարուհու խոսքով՝ աշխատանքային օրը հասարակական գիտությունների ֆակուլտետում անցել է գործնականում հագեցած և արդյունավետ, ինչի արդյունքում հասկացել է, որ դեկանի աշխատանքը գերծանրաբեռնված է, լի բազմաթիվ մարտահրավերներով:
Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանի գնահատմամբ նախաձեռնությունը հետաքրքիր փորձառություն էր ինչպես ուսանողների, այնպես էլ համալսարանի աշխատակիցների համար: «Արդյունավետ կլինի այս նախաձեռնությունն իրականացնել ամեն տարի՝ Ուսանողության օրվա համատեքստում»,-նշեց Լ. Կոստանդյանը: