«Ինչպե՞ս վարվել արտակարգ իրավիճակներում» թեմայով դասախոսություն՝ Վանաձորի պետական համալսարանում
Ապրիլի 17-ին Վանաձորի պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ դասախոսություն՝ բնական աղետների, մասնավորապես՝ երկրաշարժի դեպքում վարվեցողության ճիշտ վարքականոնի վերաբերյալ:
Դասախոսությունը վարեցին Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները: Փրկարարները հանդիպմանը ներկա Վանաձորի պետական համալսարանի քոլեջի աշակերտներին և աշխատակիցներին տեսաֆիլմի միջոցով ներկայացրին անհրաժեշտ քայլերը երկրաշարժից առաջ, երկրաշարժի ընթացքում և երկրաշարժից հետո:
Դասախոսությունից հետո տրվեց ազդանշան, որից հետո ներկաները տարհանվեցին շենքից՝ ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելով: Արդեն «տարհանվածները» համալսարանի բակում հնարավորություն ունեցան մոտիկից տեսնելու և ծանոթանալու բնական աղետների դեպքում փրկարարական մարտական մեքենային՝ անհրաժեշտ սարքավորումներով:
Նմանատիպ ուսումնական այցերը շարունակական են լինելու և միտված են հանրության շրջանում իրազեկման բարձրացմանը: Այստեղ հարկ է հիշատակել «Ով իրազեկված է, նա պաշտպանված է» հայտնի խոսքը: