Ի գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների

Գնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկում է 2025-2026 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2026 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար, փետրվար) հայտագրման գործընթացը:

Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն:

Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով ԳԹԿ dimord.am կայքում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:

Շրջանավարտը (դիմորդը) առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար շրջանավարտը դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2025-2026 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:

Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև.

3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը

Անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները

ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված

4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը

Միասնական քննությունների վճարից ազատվում են`

Պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք

1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները

ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները

Առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Previous Article
Next Article