Այց ՀՀ ԿԲ
Ապրիլի 28-ին ՎՊՀ հասարակական գիտությունների ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները` դասախոս տ.գ.թ. դոցենտ Նարինե Բարսեղյանի ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեցին ՀՀ Կենտրոնական Բանկ։
Այցի բացառիկությունը պայմանավորված էր նրանով, որ ուսանողները հանդիպում-քննարկում ունեցան ԿԲ խորհրդի հինգ անդամներից երեքի` տ.գ.թ. դոցենտ Հասմիկ Ղահրամանյանի, Լևոն Սահակյանի և Արտակ Մանուկյանի հետ, որոնք մանրամասնորեն ներկայացրեցին ՀՀ դրամավարկային քաղաքականության մշակման առանձնահատկություններն ու առաջնահերթությունները, նշեցին այն գործիքակազմը, որը կիրառում է ԿԲ-ն՝ երկրի տնտեսական և գների կայունությունն ապահովելու նպատակով, մանրամասնորեն ներկայացրեցին ԿԲ-ի լիազորությունները։ Քննարկման ավարտին ԿԲ խորհրդի անդամները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Հարցերը բազմազան էին՝ ուղղված երկրի դրամավարկային և մակրոտնտեսական կարգավորիչ քաղաքականության, կայուն տնտեսական աճի, երկրի տնտեսական զարգացման ու գների կայունացման շրջանակներում իրականացվող միջոցառումներին, ինչն ավելի բովանդակալից դարձրեց այցը:
Ուսանողները հնարավորություն ունեցան նաև շրջել ԿԲ այցելուների կենտրոնում, ծանոթացալ ցուցադրանքում ներկայացված 24 ստատիկ վահանակների, 2 ինտերակտիվ գոտիների՝ դրամանիշերի ստուգման լաբորատորիայի և բանկոմատի գործունեության հետ, դիտեցին ազգային դրամի պատմության և գործունեության մասին տեսաֆիլմեր, գների և ֆինանսական կայունությունը, ֆինանսական համակարգի գործունեությունը բացատրող մուլտֆիլմեր, ինչպես նաև թեմատիկ տեսահոլովակներ: Ուսանողները տեղեկացան նաև այն մասին, թե ՀՀ-ն իր բազմամյա պատմության ընթացքում վճարման ինչ միջոցներ է օգտագործել, ինչ հուշադրամներ և հուշամեդալներ են թողարկվել և ինչ նպատակներով։ Մասնագետը մանրամասնորեն ներկայացրեց նաև այն տարբերակիչ առանձնահատկությունները, որոնք կարող են դառնալ լավագույն բանալին՝ իրական թղթադրամը կեղծից տարբերելու համար։
Մեր շնորհակալությունն ենք հայտնում ԿԲ ողջ անձնակազմին` ուսանողների առաջարկը ջերմորեն ընդունելու, նրանց աջակցելու և այցի շնորհիվ նրանց գիտելիքների պաշարն ավելացնելու համար։
Ճանաչողական այցի ավարտից հետո ուսանողներն այցելեցին Եռաբլուր պանթեոն` պարտադիր համարելով օրվա ավարտը ձևավորել խոնարհումով` հանուն հայրենիքի բարօրության իրենց կյանքը զոհաբերած հերոսներին։